Ուրեմն մի փոքր անդրադարձ կատարեմ վերջին շրջանում հայ իրականության մեջ տեղի ունեցող որոշ իրադարձություններին:
Արդեն գաղտնիք չէ որևէ մեկիս համար, որ մեր երկրում և մեր ազգի մեջ բազմաթիվ են մեծ ու փոքր տականքներն ու դավաճանները, սակայն այս ամենով հանդերձ հատուկ մասնագիտության աստիճան է ստացել նաև պառակտչությունը: Մի երևույթ, որը դարեր շարունակ կազմալուծել ու կազմաքանդել է մեր ազգային միասնությունը: Սակայն խոսքիս բուն թեման ոչ թե այս էր, այլ մեկ այլ երևույթ: Խոսքս մանրամասնեմ.
Տարբեր առիթներով՝ պատեհ թե անպատեհ, լսել և լսում եմ անընդհատ միասնության կոչեր անող մեր եղբայրների հայտարարությունները՝ միանանք, հաղթենք, միասնաբար և այլն: Սակայն ուզում եմ հարցնել.
-Եղբայրնե՛ր, բացի այդ կոչերն անելուց ի՞նչ բանաձև կա միասնականանալու: Ես, որպես միասնության և ազգային բռունցքի եռանդուն ջատագով, ուզում եմ արձագանքել, բայց տեսնում եմ տակը միայն դատարկություն, ունայնություն: Միասնականանալու ո՛չ մի փորձ և իրական դիտավորություն:
Եղբայրնե՛ր, եթե իրապես կա բռունցք դառնալու նվիրական ցանկություն, ուրեմն պետք է գործնականում կիրառել, այլ ոչ թե ասել, խոսել ու վերջ, ինչպես որ ընդունված է մեր իրականության մեջ:
Այսօր համոզված եմ, որ մեր երկրում, ինչո՞ւ ոչ, համայն հայության մեջ կան ազնիվ հայրենասիրական մղումներ ուեցող խմբեր և խմբակներ, սակայն նրանք այսօր գործում են տարանջատ, յուրաքանչյուրն իր փոքր ավանդը բերելով հայության ինքնության պահպանման գործում, բայց մի՞թե հիմա մեզ այդ փոքր ավանդներն են պետք, թե՞ պետք է մեկ Բռունցք, որը կասի իր վերջնական խոսքը Համայն Հայության ճակատագրի, Հայաստան պետության անկախության և միասնականության, Հայոց Դատի լուծման մասին, որը կլինի վերջնական:
Ես կարծում եմ, որ մեզ երկրորդն է հարկավոր, ուստի խնդրում եմ մեր ազգային ջոջերին, որպեսզի կողմ դնեն իրենց անձնական կամ նյութական տարաձայնություններն ի սեր հայության:



