2013 թ.-ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ արդեն նախկին Վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսը: Տևողությունը ռեկորդային էր՝ ավելի քան 3,5 ժամ, սակայն ...
Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ և սկիզբ դրվեց մի հատկանշական երևույթի. Տիգրան Սարգսյանի ասուլիսը նման էր ոչ թե գործող վարչապետի, այլ վերլուծաբան-փորձագետի ասուլիսի: Մեկնաբանեմ՝ ինչու: Ամենատարբեր պրոբլեմների շուրջ հարցերին վարչապետն ի պատասխան ներկայացնում էր, թե ինչ պատճառներով կարող են առաջանալ պրոբլեմները, և ինչպիսի լուծման մեխանիզմներ կան: Իհարկե լավ է, որ վարչապետն իսկապես էլ պատկերացնում էր, որ պրոբլեմի պատճառները կարող են տարբեր լինել և պրոբլեմի լուծման համար կան տարբեր մեխանիզմներ: Սակայն նման պատասխանն առավել բնորոշ է դասախոսի, փորձագետի կամ վերլուծաբանի, իսկ վարչապետի գործը, ըստ էության, իրականում պարզելն էր, թե հնարավոր տեսական պատճառներից որոնք են իրականում առկա, որոնք՝ ոչ, իսկ հնարավոր լուծման մեխանիզմներից որոնք են ընտրվել, ինչու և ինչպես են կիրառվել: 
Այդ օրվանից ի վեր ձևավորվեց նոր ավանդույթ: Գործադիրի տարբեր օղակներ առկա պրոբլեմներին վերաբերող հարցերին ներկայացնում են ընդամենը փորձագիտական կարծիքներ, և ոչ այն, թե իրականում ինչ է արվում պրոբլեմի լուծման ուղղությամբ: 
Թե ինչից կարող է առաջանալ այս կամ այն պրոբլեմը, և թե ինչ պետք է արվի, գիտեն շատերը, փառք Աստծո, երկրում կան բազմաթիվ փորձագետներ և վերլուծաբաններ, ովքեր պահանջարկ ունեն անգամ միջազգային շուկայում: 
Գործադիրի գործն է՝ պատասխանել՝ կոնկրետ ինչ ուսումնասիրություն է իրականացվել, պարզելու՝ ինչից է պրոբլեմը, ներկայացնել՝ ինչ գործիքներ են ընտրվել պրոբլեմը լուծելու համար, ինչպես են կյանքի կոչվել այդ գործիքները, և ինչ է սպասվում առջևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել