Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն իրականում Հակոբոս առաքյալի Աթոռն է, ճիշտ է այն այսօր բաժանված է Հայ, Հույն և Կաթողիկե Եկեղեցիների միջև, սակայն չի դադարում առաքելական լինելուց, և այդ Աթոռից ելած ամեն մի խոսք ծանրակշիռ է: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր գրիչ են վերցրել հայտնելու համար իրենց, մեղմ ասած, դժգոհությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հասցեին, որ մի փոքր խորհեն, թե ինչ են անում: Մի՞թե կարծում եք, թե Պատրիարք Հայրը ուսանող է, ում կարելի է վարվեցողության դասեր տալ, կամ չի գիտակցում այն պատասխանատվությունը, որը ծանրացած է յուրաքանչյուր առաջնորդի վրա:
Հայաստանից դուրս գտնվող ոչ մի հայ հոգևորական չի կամենում իր կապերը խզել Սուրբ Էջմիածնի և Հայաստանի հետ, ուստի, եթե Պատրիարք Հայրը հրապարակել է մի ուղերձ, ապա պետք է խորամուխ լինել՝ ըմբռնելու համար այդ խոսքերի կարևորությունը: Եվ մի կողմ դրե՛ք ձեր խորը վիրավորվածի կեցվածքը, մի՞թե Պետրոս առաքյալն այդպիսի կեցվածք ընդունեց, երբ իրավացիորեն հանդիմանվեց Պողոս առաքյալից: Այսօր ամբողջ հայ ժողովուրդը կարդում է ձեր ուղերձները և եզրակացություններ է անում, և ոչ միշտ այնպիսի, ինչպիսին դուք կցանկանայիք, և այդ եզրակացությունները կարող են ճակատագրական լինել ձեզ համար: Այո, կան ձեր շուրջը որոշ անձիք, ովքեր գովաբանում են ձեր գրելաոճը և համարձակությունը, ականջ մի՛ դրեք դրանց, Եկեղեցու շահերը առաջնային են:
Ժողովուրդ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն իր ամբողջ գոյության ընթացքում շարունակաբար գտնվել է հոգեւոր և մարմնավոր պատերազմի մեջ, և այսօր էլ վիճակը չի փոխվել: Սուրբ Երկրում չկա խաղաղություն. գիշերները կրակոցներ են լսվում, երբեմն ուղղաթիռները ամբողջ գիշեր պտտվում են քաղաքի վրա, տարբեր տեսակի սադրանքներ են պատահում, մահացու ելքով: Խնդիրներ կան նաև մեր ի Քրիստոս եղբայրների հետ, ովքեր մոռանալով Տիրոջ պատվիրանը, որ սիրենք միմյանց, զանազան հնարներ են փնտրում գրավելու համար Հայոց Եկեղեցուն՝ Տիրոջից վստահված տարածքները, և դրանով վարկաբեկում Եկեղեցին հեթանոսների առջեւ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի առաքելությունը Սուրբ Երկրում դա հայ ժողովրդի առաքելությունն է, և մենք պատասխանատու ենք Տիրոջ առջև յուրաքանչյուր բացթողումի համար:
Իմ հորդորն է զորավիգ լինել այն անձանց, ովքեր պահպանում են այս ամենը ճակատի առաջին գծում:
P. S. Այսօր ուխտի էինք գնացել այն վայրը, որտեղ Փիլիպպոս առաքյալը մկրտել էր եթովպացի ներքինին: Պարզվում է, որ այդ տեղը ուխտավայր է դարձել նաև հրեաների համար, որոնց դուր չեկավ մեր ներկայությունը այդ վայրում, չնայած, որ դա Հայ Եկեղեցու տարածքն է, և նրանք զինյալներ ուղարկեցին մեր ուղղությամբ, սակայն դա չխանգարեց մեր վարժարանի սաներին, որ հանդարտ շարունակեն ժամերգությունը: Զինյալները պտտվեցին մեր շուրջը և հեռացան: Ահա ինչպիսի պայմաններում են պահվում Աստվածակոխ տեղերը, իսկ դուք ասում եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել