ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում են որոշակի բացասական միտումներ, մասնավորապես՝ աստիճանաբար ամրապնդվում է միանգամից խաղաղության համապարփակ պայմանագրի կնքման գաղափարը՝ առանց կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու: Այս գաղափարը (որը հանդիսանում է ադրբեջանական դիրքորոշման մաս) համանախագահների կողմից նախկինում ևս ժամանակ առ ժամանակ բարձրացվել է, սակայն այս տարի արդեն հաստատուն տեղ է գտել ինչպես հայկական և ադրբեջանական կողմերի հետ հանդիպումներում, այնպես էլ համանախագահների տարածած հայտարարություններում: Մասնավորապես՝ այս տարվա մարտին Փարիզում կայացած Մամեդյարով-համանախագահներ հանդիպման ժամանակ, հոկտեմբերին Փարիզում կայացած Օլլանդ-Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հայտարարությունում, օրերս շվեյցարական Բազելում Քերրիի, Լավրովի և Դեզիրի հրապարակած հայտարարությունում այս կամ այն կերպ անդրադարձ կա խաղաղության համաձայնագրին, դրա շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությանը: 
Առանց կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման՝ անցումը միանգամից խաղաղության պայմանագրի, ըստ էության, դասական տրամաբանության խախտում է, որը պայմանավորված է համանախագահների՝ ադրբեջանական կողմի դիրքորոշման վրա ազդելու անկարողությամբ:
Նման անցումը մի կողմից կարող է հանգեցնել հայկական կողմի վրա ճնշման մեծացման, մյուս կողմից՝ անհնար դարձնել հակամարտության լուծումը: Եթե կողմերը չեն կարողանում անգամ համաձայնության գալ կարգավորման սկզբունքների շուրջ, մի փոքր բարդ է պատկերացնել նրանց համաձայնությունը մի շարք առավել պրակտիկ և զգայուն հարցերի շուրջ, որոնցից է, օրինակ, փախստականների վերադարձը: 
Բացի այդ, խաղաղության պայմանագրի կետերի շուրջ բանակցությունների դեպքում կողմերի մանյովրականությունը բավական մեծանում է, իսկ Ադրբեջանը նման պայմաններում խավիարային դիվանագիտությամբ ցանկալի արդյունքներ ապահովելու բավարար փորձ ունի: Մյուս կողմից մաքսիմալիստական պահանջներ ներկայացնող Ադրբեջանին ճնշելը կդառնա առավել բարդ, իսկ փոխզիջումային ելքի ակնկալիքը բանակցություններից՝ անիրատեսական: 
Չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ խաղաղության մեծ պայմանագրի շուրջ բանակցություններն առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ուղղակի անընդունելի են, քանի որ այդ պայմանագիրն ուղղակիորեն վերաբերվելու է Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությանը և նրա կենսական շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել