Հարսանեկան իդեալական կոշիկները պետք է այնքան հարմարավետ լինեն, որքան տան հողաթափերը և պետք է այնքան էֆեկտիվ լինեն, որ ոչ ոքի անտարբեր չթողնեն: Իսկ ինչպե՞ս գտնել այդպիսի կոշիկ: Հարսանիք բլոգն օգնության է գալիս մի շարք օգտակար խորհուրդներով:
Մինչև անցնելը կոշիկի ընտրությանը՝ ինքներդ ձեզ համար պատասխանեք հետևյալ 4 կարևոր հարցերին՝
- Կոշիկի որ ոճն է ձեզ սազում
- Ինչ բարձրություն պետք է ունենա կոշիկը
- Ինչ մատերիալից պետք է լինի
- Ինչ քանակի գումար եք պատրաստ տրամադրել կոշիկին
Կոշիկ ընտրելիս առաջին կարևոր կանոնն այն է, որ դուք նախօրոք արդեն պետք է ընտրած լինեք ձեր զգեստը, քանի որ կոշիկի ոճն անմիջականորեն կախված է զգեստի տեսքից, կառուցվածքից, գույնից, երկարությունից:
Երկրորդ կարևոր նախապայմանը կոշիկ ընտրելիս հարսանիքի անցկացման վայրն է: Եթե հարսանիքը տեղի է ունենալու լողափին, նախընտրելի են բալետկաները կամ բոկոտիկները, որոնք ոչ մի կերպ ընկալելի չեն դասական հարսանիքների ժամանակ:
Հարսանեկան կոշիկի կրունկը
Բարձրակրունկ կոշիկ ընտրելիս հիշեք, որ դուք այդ կոշիկով պետք է լինեք մի ամբողջ օր, այդ պատճառով խորհուրդ է տրվում ընտրությունը կատարել հօգուտ հարմարավետ բարձրության: Եթե դուք անգամ համոզված եք, որ կարող եք մի ամբողջ օր անցկացնել 15 սմ բարձրության վրա, հիշեք, որ կրունկ-մարդասպանը ձեր հարսանիքի օրը կվերածի մղձավանջի, որի մասին կհիշեք ամբողջ կյանքում:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ փեսան համեմատաբար շատ ավելի բարձրահասակ է, քան հարսը: Այդ դեպքում ավելի լավ է ընտրեք 2 տեսակի կոշիկ. մեկը շատ բարձր կրունկի վրա՝ պաշտոնական միջոցառումների համար և մի հարմարավետ բարձրության՝ տոնակատարության և պարերի համար:
Կրունկով կոշիկ ընտրելիս հիշեք, որ չկա գրված այնպիսի օրենք, որ հարսը պարտադիր պետք է այդպիսի կոշիկ կրի: Եթե դուք առօրյայում կրում եք ցածր կրունկով կամ առանց կրունկի կոշիկ, հանգիստ կարող եք ձեր ընտրությունը կատարել դրանց մեջ, եթե, իհարկե, խնդիր չունեք ավելի բարձրահասակ երևալու:
Կոշիկի և զգեստի «համագործակցությունը»
Մինչև գնելը կոշիկը՝ համոզվեք, որ դուք դրանով կարող եք բարձրանալ աստիճաններով, ուշադրություն դարձրեք ձեր զգեստի փեշին՝ արդյո՞ք այն չի խճճվի կոշիկի հետ և անհարմարություններ չի ստեղծի ձեզ համար, ստուգեք՝ չե՞ն խանգարի կոշիկի վրա եղած զարդերը զգեստին և, կախվելով զգեստից, պարզապես թույլ չեն տա ձեզ տեղաշարժվել:
Կոշիկի մատերիալը
Մատերիալը կրկին կախված է զգեստի գործվածքից, սակայն թե ինչ գույնի կլինի կոշիկը, որոշում եք միայն դուք: Արդեն մի քանի սեզոն է՝ նորաձև են զգեստի և կոշիկի գույների հակադրությունները: Հետաքրքիր լուծում է նաև տարբեր ոճերի համադրությունը: Միաժամանակ պետք է հիշել՝ եթե ընտրում եք վառ գույնի կոշիկ, ապա ձեր մյուս աքսեսուարները նույնպես պետք է լինեն այդ գույնի:
Մարգարիտներով և ժանյակներով կոշիկները, անշուշտ, ձեր տատիկի սրտով կլինեն, սակայն ընտրելուց առաջ մի լավ մտածեք՝ որն է ձեր սրտին առավել մոտ:
Եվ իհարկե, վերջում ամենակարևոր խորհուրդը և, ինչու ոչ, հանձնարարությունը բոլոր հարսներին: Ձեր հարսանիքից գոնե մեկ շաբաթ առաջ ամեն օր հագեք ձեր կոշիկը և տան մեջ գոնե մեկ ժամ քայլեք դրանցով:
Այդպես և՛ դուք կհարմարվեք նոր կոշիկին, և՛ կոշիկը՝ ձեզ, իսկ հարսանիքի օրը դուք չեք էլ հիշի անհարմարության և անհանգստության մասին: