


1890-ականերին ամուսինը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր Հակոբ զավակի հետ մնում է Սոխորդում։ 1895 թվականին, երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։
1899 թվականին Սերոբի թաքստոցն էր Գեալիգուզան գյուղը։ Մի հայ դավաճան ոչ միայն մատնում է Սերոբին, այլև նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում նրան: Երբ թշնամին պաշարում է գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակը վերջ է տալիս ամուսնու կյանքին, Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտի ժամանակ սպանվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Թեև վիշտն արճճի պես ճնշում էր նրա կուրծքը, սակայն արցունքները կուլ տալով՝ Սոսեն կրակում էր, հա՜ կրակում։

Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/09/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել