Առաջիկա ամանորյա տոներն ինչքան էլ փորձենք ներկայացնել տոնական խորհրդին հատուկ ջերմությամբ ու լույսով, միևնույնն է, իրենց մեջ բավական դառնություն են սկսել պարունակել արդեն քանիերորդ տարին է, որովհետև Ամանորը նաև նշանակում է հյուրասիրություն, որը կապված է այս պահի դրությամբ ՀՀ հասարակ քաղաքացու համար բավական լուրջ ծախսերի հետ: Խոսքն անշուշտ բարձր վարձատրություն ունեցողների մասին չէ, կամ բարձր վարձատրություն ունեցողների հետ ամուսնացածների ու մինչև քսան միլիոն դրամ հղիության նպաստ պետբյուջեից փախցրածների: Խոսքն այն պարզ քաղաքացու մասին է, որն ամսական ստանում է ութսունից հարյուր կամ հարյուր քսան հազար դրամ ու պետք է դրանով ոչ միայն ապրի, թեթևացնի իր վարկային բեռը (ինքնին հասկանալի է, Հայաստանում չկա մարդ, որ ավել կամ պակաս չափով վարկային բեռի տակ չճկռա) ու մի բան էլ ներկայիս օրըստօրե ահագնացող գնաճի թռիչքային զիգզագների պայմաններում նաև կարողանա Ամանորի սեղանի հոգսով զբաղվել:
Իհարկե, սպասել, թե մի քանի օրում պետությունը հրաշագործ կախարդական փայտիկով ամեն բան կուղղի ու իր տեղը կգցի, ոչ թե միամտություն է, այլ նաև այդպես մտածելը պարզ կերպով կնշանակի հիմարություն: Մնում է մի ճանապարհ. քաղաքացին ինքը պետք է կամ իրեն «ճղի», հավելյալ վարկային բեռի տակ մտնի, կամ այլ ձևեր գտնի, կամ փորձի ձևափոխել Ամանորի դիմավորման ավանդական հայաստանյան կարգը: Մեծ հաշվով խաշած կարտոֆիլով Ամանոր դիմավորելու մեջ վատ բան չկա. նույնիսկ երեխաներն են այսօր հասկանում, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում: Մյուս կողմից էլ հասարակության բևեռացումն այնքան խորն է, որ երեխաներն իրենք վատ զգալու առիթ չունեն, որովհետև հաստատ առնվազն խոզի բդով Ամանոր դիմավորող ընտանիքի երեխան «լայեղ» չի անի խաշած կարտոֆիլով Ամանոր դիմավորող ընտանիքի երեխայի հետ նույնիսկ «լեզու թրջելու»: Ուրեմն կարելի է նաև անցնել այսպես ասած ռազմավարական խնայողության ու, մի կողմ դնելով Ամանորը հավուր պատշաճ դիմավորելու պատվախնդրությունը, անցնել ավելի պարզ կենցաղավարության: Ի վերջո, անիմաստ է երեք օրվա համար հետո մի տարի «ճռռալ»-ը: