Life.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է, ում, տևական ժամանակ է՝չենք տեսնում էկրաններին:
-Պարոն Ներսիսյան, հեռուստադիտողների մի մեծ բանակ հասցրել է Ձեզ և Նելլի Խերանյանին կարոտել: Ինչո՞ւ չենք տեսնում ձեզ էկրաններին:
- Երախտապարտ և շնորհակալ ենք մեր հանդիսատեսից և հեռուստադիտողից, նաև Սփյուռքում գտնվող բոլոր այն մարդկանցից, ովքեր հետաքրքրվում են մեր ստեղծագործական գործունեությամբ: Ընդհանրապես, ճիշտ է, երբ դերասանին, արտիստին կարոտում է իր հանդիսատեսը: Դերասանը ևս պետք է չափի զգացում ունենա և թույլ չտա, որ նրանք իրենից ձանձրանան: Մեր կողմից երբեք աննպատակ չի եղել որևէ տեղ երևալը՝ լինի դա հեռուստատեսություն, կամ մեկ այլ հարթակ: Առաջարկները, որոնք այսօր էլ կան և քննարկվում են, պետք է համապատասխանեն մեր իսկ կողմից դրված չափանիշներին:.
-Այսօր միայն թատերակա՞ն գործունեությամբ եք զբաղվում, թե՞ մեզ համար այլ նորություններ ևս ունեք:
-Գիտեք, թատրոնը և թատերական գործունեությունը մեր կյանքն է և այն անվերջանալի է, շարունակական: Թատրոնում ևս շատ ծրագրեր կան: Նաև առաջարկություններ ունենք հեռուստատեսությունից, այժմ քննարկման փուլում են: Մեկ մեծակտավ գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ բանակցություններ են ընթանում, տեսնենք՝ արդյունքում ինչ կստացվի: Այնպես որ, ծրագրերը շատ են, Աստված տա՝ իրականանան:
-Շատ դերասաններ, երբեմն, որոշում են նաև որպես բեմադրիչ հանդես գալ: Եթե ինքներդ որոշեք ներկայացում բեմադրել, ի՞նչ թեմայի կանդրադառնաք:
-Երբեք չեմ մտածել որևէ բան բեմադրել, համենայնդեպս՝ կյանքիս այս էտապում: Հատկապես, որ դեռ շատ բան ունեմ ասելու բեմից՝ որպես դերասան: Առանձնապես ոգևորված էլ չեմ այն դերասաններով, ովքեր պարտադիր ուզում են նաև ինչ-որ բան բեմադրել: Ամեն դեպքում, եթե այսօր որևէ գործի ձեռնամուխ լինեի, դա կլիներ մեր՝ հայ մարդու մասին, որը հայտնվելով 21-րդ դարում, ունենալով անկախ պետականություն՝ ունի բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք ծառացել են իր և իր ազգի առջև:
.jpg)
-Որքանո՞վ է այսօր դերասանն, արվեստագետն արժևորված: Կարողանո՞ւմ ենք ճիշտ գնահատել նրան:
-Ընդհանրապես, այսօր հայ մարդը լավ, բարեկեցիկ կյանքով չի ապրում իր հայրենիքում: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, նաև արվեստագետներին: Մենք խնդիր ունենք արժևորելու, գնահատելու մեր կողքին գտնվող, ստեղծագործող արվեստագետներին՝ սկսած մեր մեծերից մինչև այն երիտասարդները, ովքեր որոշել են իրենց կյանքը նվիրել արվեստին:
- Առանց կողմնակի եկամտի՝ սերիալի, ֆիլմերի, միայն թատրոնի եկամուտով դժվար չէ՞ ընտանիքի համար:
-Ո՛չ մի ժամանակ, ո՛չ մի երկրում, ո՛չ մի դերասան միայն թատրոնով գումար չի վաստակել: Դերասանի գործունեությունը նորմալ է միայն այն պարագայում, երբ նա ստեղծագործում է իր համար հատկացված դաշտում՝ կինո, հեռուստատեսություն, թատրոն, էստրադա:
-Հաճախ լսում ենք, որ այս կամ այն ոլորտում իշխողը ծանոթ-խնամի-բարեկամ հարաբերություններն են: Թատերական ասպարեզում է՞լ է այդպես:
-Մեր կյանքում մեծագույն չարիք է հենց այդ խնամի-բարեկամ, «ախպերս» հարաբերությունների ներխուժումը բոլոր ոլորտներ: Նույնը նաև արվեստի, թատրոնի բնագավառում է: Այսօր ամենուր է այդպես՝ լինի հեռուստատեսության, կինոյի, թե մյուս ասպեկտներում: Ամեն տեղ գործում է, այսպես կոչված, «իմ տուսովկան» հասկացությունը, ինչն էլ ահավոր «ավերածությունների» պատճառ է հանդիսանում: Համոզված է, որ մեր ազգի «տունը քանդելու է» այդ «իմ» բառը: Պետք է այն փախարինել «մեր»-ով: Այ այդ ժամանակ միայն կտեսնենք դրական արդյունքը:
- Շատ արտիստներ փորձում են ավելի մեծ հաջողությունների հասնել Հայաստանից դուրս: Երբևիցե այդ մասին մտածե՞լ կամ մտածո՞ւմ եք:
-Բազմաթիվ հնարավորություններ են եղել՝ Հայաստանից հեռանալու և ստեղծագործելու դրսում, բայց երբեք նման ցանկություն չեմ ունեցել: Միշտ ցանկացել եմ աշխատել և ստեղծագործել, արարել իմ հայրենիքում, բայց՝ ամբողջ հայության համար:
.jpg)
-Պարոն Ներսիսյան, որպես դերասան՝ ի՞նչ երազանք ունեք:
- Տեսնել մեր թատրոնը ծաղկուն, այնպիսին, ինչպիսին թատրոնի կարգավիճակն է պահանջում: Ինչպիսին ես այն պատկերացրել եմ… Դա իրական է, գործել է պետք:
-Ձեր հայրիկից՝ Բաբկեն Ներսիսյանից, ի՞նչ խրատներ եք ստացել՝ կյանքում քայլելու և բեմում ներկայանալու:
-Հենց հորս կողմից ինձ ուղված խոսքերով էլ առաջնորդվում և ապրում եմ կյանքում: Միշտ ասում էր. «Հավատը քո ուժերի նկատմամբ թող երբեք չլքի քեզ. ու երբեք չի լքի, հավատա՛ ինձ: Շուրջդ քեզ նման մարդիկ են, միշտ բարի եղիր նրանց հանդեպ: Թող գեղեցիկը, բարին, ճշմարիտը լինեն քեզ առաջնորդ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



