Կարծում եմ յուրաքանյուրն ունի հիասթափության մասին իր ուրույն պատկերացումն ու «սահմանումը»: Ինձ համար հիասթափությունը իրականության և երազանքների անհամատեղելիությունն է, երբ որևէ իրողություն մի կերպ պատկերացնում ես, բայց իրականում գործողություններն ուրիշ կերպ են ընթանում, քանի որ դերասանները համաձայն չեն քո գրած սցենարի հետ: Նրանք ունեն իրենց սցենարը, որը հարմարեցրել են իրենց նախասիրությունների հետ: Երբեմն դու դուրս ես մնում գլխավորի դերից: Երբեմն էլ` ամբողջ ներկայացումից:
Հիասթափություն է, երբ մարդկանց ավելի լավն ես պատկերացնում քան նրանք իրականում կան: Հիասթափություն է, երբ որևէ մեկը կանգնում է ճանապարհիդ: Երբ շատ հարազատ մարդիկ հեռանում են քեզնից, քանի որ ձեր պատկերացրած հարաբերությունները չեն համընկնում: Հիասթափություն ես ապրում, երբ խառնվում են քո կյանքին ու չեն թողնում ապրես այնպես ինչպես դու ես ցանկանում, այլ` քեզ գրանցում են իրենց հերոսների ցուցակում, դու պարտավոր ես խաղալ ուրիշի կանոններով:
Անգամ հիասթափություն ես ապրում այն ժամանակ, երբ քեզ թեկուզ մի փոքրիկ հարցում անտեսում են: Կամ էլ վերջին պահին փոխում են պլանները ու դու նորից մնում ես միայնակ և ձեռնունայն… ու քո երազանքը նմանվում է ծովափի ավազին, որին ուր որ է կհարվածի ծովի ալիքը:
Հիասթափվում ես երբ քեզ չհասկացող մարդկանց պատճառով արցունքներդ գլորվում են երեսն ի վար… երբ ամենագեղեցիկ եղանակը քեզ համար ամպամած ու մշուշապատ է դառնում…
Ամենամեծ հիասթափությունն էլ այն է, երբ ինքդ քեզնից ես հիասթափվում: Սա այն դեպքում, եթե հասել ես ինքնագնահատման բարձր մակարդակի…
Ամեն դեպքում, յուրաքանչյուր հիասթափություն իր սպին է թողնում, քանի որ դառնում ես ավելի զգոն բայց նաև չհավատող… Ամեն հիասթափությունից հետո ավելի արագ ես «մեծանում»…
Ահա եկեք այսպիսի տրամադրության համահունչ էլ երգ վայելենք…