Aravot.am-ը գրում է․
11 ամյա Մարիամիկը, ի տարբերություն իր շատ հասակակիցների, չի երազում փափուկ խաղալիքների, «Բարբի» տիկնիկի, համակարգչային մանկական խաղերի մասին. Մարիամիկն ուզում է տաք հագուստ, ձմեռային տաք կոշիկ ունենալ, երազում է մանդարինի ու խտացրած կաթի մասին: Այնպես չէ, որ նա մանդարին ընդհանրապես չի կերել, տարին 1-2 անգամ նրա մայրը՝ տիկին Ռուզանը, ճիշտ է, պարտքով, բայց գնում է: 13.7 քմ տարածքում, մի փոքրիկ սենյակում է ապրում Մարիամիկի 4 անձից բաղկացած ընտանիքը՝ ինքն ու մայրը, քույրը, եւ քրոջ դուստրը՝ 6 ամյա Լիլիթը: Այս ընտանիքն ապրում է, ավելի ճիշտ կլինի ասել՝ յոլա է գնում 42 հազար դրամով, ինչպես տիկին Ռուզանն է ասում՝ աղքատության նպաստն ու հաշմանդամության թոշակը միասին: Գումարը հենց ստանում է, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմում է տիկին Ռուզանը, ձեթ, կարտոֆիլ, մակարոն է գնում, մի քիչ էլ պարտքատերերին է տալիս, ու վերջանում է փողը, մեկ էլ՝ նորից նոր պարտք անում. ասում է՝ լավ է, որ պարտք տվող էլ կա: Միսը, քաղցրավենիքը, պանիրը, մրգերն այս ընտանիքի համար կրկին երազանք են. «Չէ, ի՞նչ եք ասում, տարին մեկ՝ Նոր Տարուն ենք միս ուտում, տոլմա եմ սարքում: Մրգերն էլ՝ ես իմ է»,- չի կարողանում շարունակել խոսքը, տիկին Ռուզանը գլուխը կախում է, որ արցունքները չնկատեմ… մի քանի րոպե լռությունից հետո ասում է՝ «Ես ու Մարիամիկս անապահովների ճաշարանից ենք օգտվում, 2 հատ հաց են տալիս, բերում ենք տուն, մեկ-մեկ էլ, որ խնձոր են տալիս, էլի բերում ենք տուն, 4 մասի բաժանում ու ուտում»: Ինքը տիկին Ռուզանը չի աշխատում, ասում է՝ ամեն րոպե կարող է էպիլեպսիկ նոպաները սկսվեն, իսկ մեծ դստեր մասին էլ խուսափում է խոսել, հաշմանդամություն ունի, չի կարող աշխատել, բայց չի էլ կարողանում համապատասխան մարմնի դիմել, որպեսզի կարգ ու թոշակ ստանա. «Հենց իրա հաշմանդամության անունը լսում է՝ կատաղում, նյարդայնանում է, ես էլ չեմ շարունակում»: Տիկինն ասում է, դեռ բախտը բերել է, որ բարի մարդկանց է հանդիպում. իրենց բակ գյուղմթերքներ վաճառող ամուսիններ են գալիս, պարտքով կաղամբ, գազար, կանաչի ու էլի մի քանի մթերք են տալիս:


«Ցրտերն ընկան, էրեխեքս ձմեռային կոշիկ ու շոր չունեն, եղածը կարկատան եմ անում: Չգիտեմ ինչ անեմ, էս փոքրերը (ցույց է տալիս աղջկան ու թոռանը) հո մեղավոր չեն, որ աղքատության մեջ են ապրում: Գոնե աստված իրենց համար մի դուռ բացի, դուրս գան էս աղքատության միջից»,- ասում է տիկին Ռուզանը: Մարիամիկն ու իր քրոջ դուստրը՝ 6 ամյա Լիլիթն իրենց տարիքի համեմատ շատ փոքր են երեւում. նիհար, կարճահասակ: «Բժիշկներն ասում են վիտամինի պակաս ունեն, դե որ սնունդով չեմ կարողանում լրացնել էդ պակասը, հաբեր էր նշանակել, մի քիչ առա՝ խմեցին, հիմա՝ փող չունեմ»,- պատմում է Ռուզանը: Հանրակացարանային շենքի 2-րդ հարկի մի ծայրում նեղլիկ, հազիվ կես մետր հատվածում մի լվացարան է, որին կիպ կպած մաշված, հակահիգենիկ զուգարանն է, դուռ էլ՝ չկա. տիկին Ռուզանի ընտանիքի սանհանգույցն է, ասում է՝ տաշտը դնում է արագ-արագ փոքրիկներին լողացնում, այն էլ՝ ոչ ամեն օր, հիմա, որ ցրտել է, ավելի ուշ-ուշ է լողացնում փոքրիկներին, հանկարծ չմրսեն՝ հիվանդանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



