Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը երեկ աղմուկով տապալվեց, ինչպես և սպասվում էր: Դրան նախաձեռնության հեղինակ պատգամավորից բացի՝ միացան ընդամենը երկու պատգամավորներ: Իհարկե, ձախողումն այդքան շռնդալից չէր սպասվում, ինչքան եղավ, բայց դա չէ կարևորը:
Կարևորն այն արձագանքներն են, որոնք այսօր իշխանական լրատվամիջոցներում ու գրչակների գրառումներում են տեղ գտել:
Իսկ այդ արձագանքները կրկին նույն ոճի են. «Նիկոլը լյուստրացիա արեց», «Նիկոլը ցույց տվեց, թե ով է իրական ընդդիմությունը», «Նիկոլը դաշտը բացահայտեց» և նման կարգի մեկը մյուսին կրկնող նյութեր:
Այն, որ իմպիչմենտի գործըթնացը սկսվում է լուրջ նախապատրաստությունից և քննարկումներից առաջ, ինչն այս դեպքում չարվեց, ինչի պատճառով էլ դարձավ անարդյուք քայլ, պարզ է: Սակայն զարմանալի են այն գովքն ու «վերլուծությունները», որոնք իշխանական լրատվադաշտից նվիրվում են Նիկոլին` «թարմ և թեժ» պահելով նրա թեման, որը դեռ երեկ մոռացված էր արդեն:
Ստացվում է այնպես, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերից` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, Ժառանագություն, միայն ՀՀԿ-ն աջակցեց և դեռ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, այն դեպքում, երբ այդ նախաձեռնությունը պատրաստվում էր պաշտոնանկ անել ՀՀ գործող Նախագահին: Շատ զարմանալի բան է ստացվում կարծես:
Այսքանից հետո դեռ ոմանց մոտ կարո՞ղ են հարցեր մնալ, թե որտեղի՞ց ու ի՞նչ նպատակներով հրահանգավորվեց և կյանքի կոչվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Դատելով իշխանական գործիչների, կայքերի ու գրչակների ելույթ-գրառում-նյութերից ու արձագանքներից՝ կարծում ենք, որ այլևս որևէ մեկի համար մութ ու անհասկանալի հարցեր չեն մնա: Ամեն ինչ պարզ է, ինչպես երբեք:



