Սկանդալային հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին խնդիրներ ունի: Այս անգամ 26-ամյա դերասանուհուն մեղադրում են, որ մեքենայով հարվածել է հետիոտնին եւ փախուստի դիմել: Մեղքն ապացուցվելու դեպքում նրան կալանք է սպառնում:
TMZ կայքը հրապարակել է հսկող տեսախցիկի տեսագրությունը: Այն այդքան էլ հստակ չէ, սակայն երեւում է, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին Մանհեթանի Dream հյուրանոցի դիմաց: Կարմիր սլաքը ցույց է տալիս վթարի ենթադրյալ զոհին:
Տեսագրությունն առաջացրել է բուռն արձագանք TMZ եւ Youtube կայքերում: Մեծամասնությունը որոշել է, որ Լինդսին անմեղ է: Մի շարք մեկնաբանություններ հանգում են հետեւյալին. «Այդ ամբողջ պատմությունը կեղծիք է: Այդ մարդը պարզապես փող է ուզում»: Այն մասին, որ դերասանուհու դեմ մեղադրանքները մտացածին են, հայտարարել է նաեւ նրա պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում է Russia.ru-ն, Նյու Յորքի 34-ամյա բնակիչ Խոսե Ռոդրիգեսը դիմել է ոստիկանություն, պնդելով, որ Լինդսին խփել է իրեն Porsche Cayenne մեքենայով եւ վնասել իր ծունկը: Սակայն դերասանուհին, որն այդ պահին սթափ է եղել, հավատացնում է, որ անգամ չի էլ հարվածել հետիոտնին: