Հետաքրքրասիրություն... Այժմ մարդկային բնավորության այս գիծն ավելի շուտ ասոցացնում են բամբասկոտության, ուրիշի կյանք թույլատրելիից ավելի սողոսկելու, հարևանի փողերը հաշվելու և այս շարքին դասվող էլի մի շարք զազրելի երևույթների հետ: Բայց չէ՞ որ հետաքրքրասիրությունն ինքնին հրաշալի երևույթ է, բոլոր տեսակի գիտությունների զարգացման շարժառիթը, եթե միայն ճիշտ ուղղորդենք այն: Հետաքրքրասիրությունից դրդված չե՞ն կատարվել մարդկային բոլոր խոշոր հայտնագործությունները, մի՞թե ամենահետաքրքրասերները չէին այն արկածախնդիրները, ովքեր դուրս եկան բաց ծով, ցամաքներ ու նոր քաղաքակրթություններ հայտնագործելու՝ հաճախ նույնիսկ սեփական հետաքրքրասիրությամբ վտանգելով իրենց իսկ կյանքը: Հետաքրքրասիրությունը մեզ ստիպում է ուսումնասիրել տարբեր գիտություններ, կարդալ տարբեր հեղինակների գրքերը, հետաքրքրվել համաշխարհային մշակույթի, արվեստի տարբեր բնագավառներով և այլն։ Եվ ահա, ինչու՞ են մենք վերը թվարկվածներով հետաքրքրվելու փոխարեն սկսում փորփրել դիմացինի կյանքը, ցեխոտ ոտքերով ներխուժել նրա անձնական տարածք և նրան «խորհուրդներ» տալ: Ինչու՞ ենք սեփական հետաքրքրասիրությունը փարատելու համար դիմում ամենաստոր քայլերին՝ մինչև իսկ դիմացինին ցավ պատճառելու աստիճանի: Մի՞թե միայն նրա համար, որ այդ պահին մեր խելքին փչեց՝ կարելի է 35 տարեկան օրիորդին հարցնել «ամուսնացել ե՞ս» (չնայած դուք օրը 58 անգամ փորփրում եք նրա ֆեյսբուքյան էջը և անգիր գիտեք նրանով հետաքրքրվող բոլոր հավանական թեկնածուներին, պարզապես ձեր կարճ խելքով դրանով դուք նրանից ավելի բարձր եք դիտվում, որովհետև 19 տարեկանում ամուսնացել եք՝ առանց ինքնահաստատվելու, սեփական ես-ը ճանաչելու՝ դպրոցական նստարանից միանգամից ամուսնական կյանք, այժմ ունեք հարբեցող ամուսին, 2- 3 երեխա և ձեզ համարում եք նրանից մի քանի անգամ ավելի հաջողակ միայն նրա համար, որ ամուսնացել եք...), և երբ վերջինս տալիս է այն պատասխանը, որը դուք առանց այդ էլ գիտեիք, առանց մեկ վայրկյան իսկ մտածելու, հենց նոր ձվից դուրս եկած ճուտիկի դեմքով հարցնում եք «բա ինչի՞» (առաջին հարցով չեք բավարարվել, ձեզ ստուգողական հարված էլ է պետք): Եվ այս հարցից հետո դուք դառնում եք ոչ միայն ստոր, զազրելի պառավ, այլ նաև ցույց եք տալիս ձեր ուղեղի իրական, այն է՝ դատարկ պարունակությունը... Որովհետև պարզապես չի կարելի նման հարցեր տալ, եթե անգամ ձեր ներքին, չար հետաքրքրասիրությունը ներսից ուտում է ձեր չորս տեսակի հյուսվածքները... Որովհետև մարդը կարող է մի օր պարզապես չդիմանալ ձեր քթի երկարությանը, մի կողմ դնել քաղաքավարության բոլոր նորմերը և սկսել սեփական միջոցներով սպանել ձեր հետաքրքրասիրությունը, որը ձեզ մոտ ոչ մի կերպ չէր ստացվում...
Ամեն դեպքում հետաքրքրասիրությունը բնավորության հրաշալի գիծ է, ճիշտ ուղղորդեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=318782294975493&id=100005311757243&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել