«Բոլոր հայերը, ովքեր կրում են ֆրանսիական, ամերիկյան և այլ անձնագրեր, կեղծ անձնագրեր են, մինչև որ այդ փաստաթղթերը հայկական չեն» - Մոնթե Մելքոնյան


Նոյեմբերի 25-ը պատմական օր էր. Նոյեմբերի 25-ին արցախյան ազատամարտի նվիրյալ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, ուրարտագետ, հնագետ, փոխգնդապետ, լեգենդար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մոնթեն ավելին է, քան պատերազմի հերոս, նա հայրենիքի նվիրումի վառ օրինակ է, սեփական ես-ը երկրորդ տեղ դրած և հայրենիքն ամեն ինչից վեր դասած հերոսական օրինակ: Մոնթեն նոյեմբերի 25-ին կդառնար 57 տարեկան:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: 12 տարեկան էր, երբ ընտանիքի հետ շրջագայեց աշխարհով մեկ, եղավ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանում: Մինչ այդ ճանապարհորդությունը նա ոչինչ չգիտեր իր հայկական ժառանգության մասին: Երեք տարում Մոնթեն ավարտում է Բերկլիի համալսարանը և 20 տարեկանում ստանում Հին Արևելքի երկրների պատմության մասնագետի և հնագետի որակավորում: Տիրապետում էր 7 լեզուների: Իր պատրաստած ռեֆերատների շնորհիվ Օքսֆորդի համալսարանում արժանացել է կրթաթոշակի: 22 տարեկան էր, պատրաստվում էր պաշտպանել դոկտորական աշխատանքը, բայց նրան այլ ճանապարհ էր սպասում: Ճանապարհ, որը ոսկե տառերով գրվեց մեր փառավոր պամության մեջ: 1979 թ.-ին Մոնթեն անդամագրվեց Հայաստանի ազատագրության Հայ Գաղտնի Բանակի շարքերը: Երեք անգամ ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման: 1981թ.-ին ձերբակալվել է Հռոմի օդանավակայանում՝ Թուրքիայի դեսպանի վրա մահափորձ իրականացնելու կասկածանքով: Դատարանում կեղծ անձնագիր ունենալու մեղադրանքին նա պատասխանեց. «Բոլոր հայերը, ովքեր կրում են ֆրանսիական, ամերիկյան և այլ անձնագրեր, կեղծ անձնագրեր են, մինչև որ այդ փաստաթղթերը հայկական չեն»:

Ազատվելուց հետո, իմանալով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին, շտապում է այնտեղ: Սկզբում կռվում էր Շահումյանի շրջանում, կարճատև ընդմիջումներից հետո տեղափոխվում է Մարտունու շրջան և շուտով նշանակվում ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: Ավո կեղծանունն ընդունած Մոնթեին հաջողվում է անջատ ջոկատներից կազմել բանակային կուռ համակարգ: Նրա հրամանատարության ժամանակ ազատագրվում է բռնագրավված Մարտունու շուրջ 80 %-ը: Ամբողջ տարին նրա զինվորներն անց են կացնում թեժ մարտերում, նախ կասեցնում թշնամու բոլոր գրոհները՝ պատճառելով նրան խոշոր կորուստներ, ապա անցնում հակահարձակման՝ ազատագրելով նոր տարածքներ: 1993 թ.-ի մարտին Մոնթեն իր ջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջին և ապրիլի սկզբներին ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությունները: Մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի հրամանատարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղակայված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը: Մարտունի վերադառնալով՝ Մոնթեն սկսում է Աղդամի շրջանի կրակակետերի ոչնչացման գործընթացը: Հունիսի 12-ին կյանքի 36 տարին չբոլորած Մոնթեն Մարզիլի գյուղի մատույցներում պատգամ թողեց իր զինակիցների ուսերին, որ կյանքի գնով հայրենիքն ազատագրելով ենք բացում մեր պատմության նոր էջը:

Մոնթեն միշտ կրկնում էր. «Շատ նորմալ բան է, որ հայը գալիս է և իր հայրենիքը պաշտպանում: Դա ամեն մի հայի պարտքն է, ափսոս, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնն անելու համար, միայն դա է զարմանալին»:
Եվ այո, նորմալ է, նորմալ, երբ Բերկլիի համալսարանն ավարտած յոթ օտար լեզու տիրապետող և Օքսֆորդի դոկտորականի պաշտպանյալ 22 տարեկան երիտասարդը բարեկեցիկ և անհոգ կյանքը թողնում է և նետվում հայ ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ: Նորմալ բան է, սակայն միայն Մոնթեի տեսակի և նրա զինակից ընկերների համար է բնական երևույթ, որոնք զոհեցին իրենց վաղվա օրը և ընտանեկան կյանքը՝ հանուն ընդհանուր գործի, հանուն սուրբ հայրենիքի:

Մոնթեն և իր զինակից ընկերները մեզ ժառանգեցին հենց այդ զոհողության գաղափարը, որի մասին մեզ քարոզում է նաև Քրիստոնեությունը, սուրբ գիրքը. «Չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկն իր անձը դնի իր բարեկամների համար»,- որի տակ ենթադրվում է այն ամենի համար, որ այս աշխարհում գին չունի: Այդ գաղափարով ապրեց իր կյանքը Մոնթեն և այդ գաղափարով էլ զոհեց իրեն հանուն մեր սրբազան հայրենիքի, հանուն մեզ, հանուն իր պատկերացրած Հայաստանի, որը պետք է կառուցվեր իր և իր զինակից եղբայրների կյանքի գնով հաղթած պատերազմից հետո: Մի պետություն, որտեղ մենք ու մեր երեխաները պիտի ապրեինք և արարեինք, այն անկախ և ազատ Հայաստանում, որն օրինակ կլիներ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում՝ արդարության և բարոյականության բնօրրան Հայաստանում։

Մոնթեի խոսքերից ուզում եմ մեջբերեմ երկուսը՝

«Արցախից հետո պիտի ազատագրենք Նախիջևանը, հետո Ջավախքը և, իհարկե, Արևմտյան Հայաստանը»: 

«Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»: 

Մոնթեի մահից անցել է 21 տարի: Այս անցած տարիների ընթացքում մենք հնարավորություն ունեինք Մոնթեի գործը շարունակելու: Եթե ոչ նոր պատմական տարածքներ ազատագրելով, այլ գոնե իր կյանքի գնով պահած և ազատագրած տարածքների վրա ստեղծեինք մի պետություն, որտեղից մարդիկ չէին արտագաղթի, և ապրելով սեփական երկրում՝ ազգը կբազմանար և կստեղծագործեր: 
Բայց ցավոք չստացվեց. Հայաստանը բռնագրավեցին հայանուն, սակայն իրենց բնազդով օտարամոլ և նյութապաշտ ուժեր՝ երկիրը հասցնելով աղքատության եզրին: Այդ իշխանությունները ստեղծեցին մի համակարգ, որում անտեսվում և դատվում են մեր հերոսները՝ Մոնթեի զինակից ընկերները: Ինչպե՞ս ենք մենք պայքարում այդ երևույթի դեմ։ Ինչպե՞ս ենք մենք՝ սփյուռքում բնակվող հայերս, արձագանքում և դեմն առնում այդ անտարբերությունների Ինչպե՞ս ենք մենք Մոնթե Մելքոնյանի գործը շարունակում՝ նրա մասին կենացներ խմելով և երգեր երգելո՞վ, թե՞ դատարկ ճառեր գրելով մեր ֆեյսբուքյան էջերում: 

Ոչ, բարեկամներ, մենք պարտավոր ենք նրա գաղափարներն իրագործել: Մեր սերունդը դեռ գործ ունի անելու՝ Նախիջևանը և մյուս բռնագրավված հայոց տարածքները մեզ են սպասում, դա Մոնթեի երազանքն էր, դա մեր պապերի երազանքն էր: Սակայն մինչ այդ մենք պարտավոր ենք ստեղծել նոր որակի պետություն: Այլապես մենք իրավունք չենք ունենա նայել մեր երեխաների աչքերին: Եվ վերջապես մենք մի օր գնալու ենք Մոնթեի և իր ընկերների մոտ և ի՞նչ պատասխան ենք տալու նրանց։ Մտածեք այդ մասին, հայեե՜ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել