Վերջերս Անջելո Պարատիկո անունով մի իտալացի պատմաբան ու վիպագիր պարզել է, որ Լեոնարդո դա Վինչիի մայրը հավանաբար չինացի ստրուկ է եղել։ Վերջին 20 տարիներին Անջելոն բնակվում ու աշխատում է Հոնկոնգում։ Նա զանազան հետազոտություններ է կատարում՝ ուսումնասիրելով իր հայրենիքի ու Չինաստանի միջև առկա կապերը։ Նա անգամ գիրք է գրել այդ թեմայով, որը ծրագրվում է լույս ընծայել մյուս տարի։
«South China Morning Post»-ին տված հարցազրույցում Պարատիկոն ասղել է.
«Ես գրեթե վստահ եմ, որ Լեոնարդոյի մայրն արևելքից էր, սակայն նրա չինական ծագման մեջ հավաստիանալու համար հարկ է դեդուկտիվ մեթոդ կիրառել։ Լեոնարդոյի հոր մի հարուստ հաճախորդ Կատերինա անունով ստրկուհի ուներ։ 1452 թ.-ից՝ Լեոնարդոյի ծննդից հետո նա անհետացավ փաստաթղթերից։ Նա այլևս չէր աշխատում նախկին տեղում»։
Դա Վինչիի հայրը նոտար էր։ Ասում են, որ Լեոնարդոյի մայրը բնիկ գյուղացի Կատերինան էր, սակայն Պարատիկոյի նոր աշխատության համաձայն՝ Կատերինան ոչ թե բնիկերից էր, այլ ստրկուհի էր։ Վերածննդի դարաշրջանում Իտալիայի և Իսպանիայի նման երկրները լի էին արևելքի ստրուկներով։ Պարատիկոն ասում է, որ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և գործունեության որոշ ասպեկտները հուշում են նրա արևելյան ծագման մասին։ Օրինակ՝ նա ձախ ձեռքով ձախից դեպի աջ էր գրում։ Նա նաև բուսակեր էր, իսկ բուսակերությունը նրա բնակավայրում տարածված չէր։ Ինչպես Զիգմունդ Ֆրոյդն է ասել 1910 թ.-ին, Մոնա Լիզան հավանաբար Լեոնարդոյի մոր դիմանկարն է։ Մոնա Լիզայի կտավի հետևի մասում չինական բնապատկեր կա։ Անգամ նրա դեմքն է չինական դիմագծերով աչքի ընկնում։ Այս գլուխգործոցի ստեղծման ժամանակ նկարչի համար իբրև ոգեշնչման աղբյուր նրա մայրն է ծառայել։

Պարատիկոն ասում է, որ Լեոնարդոյի ծագումնաբանության գլուխկոտրուկը լուծելու միակ եղանակը Լեոնարդոյի՝ Ֆլորենսում թաղված որոշ հարազատների աճյունների արտաշիրմումը և վերցված նմուշների հիման վրա ԴՆԹ հետազոտություն կատարելն է։



