Tert.am–ը գրում է.

Վա՛յ այն լրագրողին, որի ընթերցողն իրենից տասը գլուխ խելոք չէ։ Այս համոզմունքն ինձ մղեց հրապարակել էքստրասենս Նարգիզ Գալինյանի հետ իմ զրույցը, որը դեռևս ամռանն էր տեղի ունեցել ու զմռսվել աչքից հեռու մի տեղում։ Այնպես չէ, որ ես մատս մատիս չտվեցի պարզելու՝ թե տիկինն ինչպես է հաջողացրել ուժերի ծաղկման շրջանում մտնել 6-ամսյա լեթարգիական խորը մրափի մեջ կամ ինչպես ստացվեց, որ միամիտ լոռեցի հալով աչքը աչքին հանդիպեց և անգամ ձեռնահարեց աշխարհի տիրաններից առնվազն երկուսին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, նրանց կանանց ու համարյա ողջ ազգուտակին։ Տեսնելով, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ երկնային անտեսանելի ուժերի և տիկնոջ անօտարելի մետաֆիզիկական կապերը անգամ մատաղացու գառան պես ջանուջանդակս փռեցի նրա ոտքերի տակ, բայց մեկ է՝ անտեր ուղեղս ոչ մի կերպ չանջատվեց, որ հիացմունքը կամ գոնե զարմանքն ինձ այցելեր։ Ի վերջո զորակոչեցի անգամ ամենասիրելիներիս. մայրումանուկ նետվեցին էքստրասենսի գիրկը, բայց պարազիտ կասկածի որդը ոչ միայն չսատկեց, այլև այս անգամ սկսեց կրծել նաև իմ սիրելիներին, որովհետև արդյունքը ֆիֆթի-ֆիֆթի էր՝ կեսն ինձ շնորհակալ եղավ, մյուս կեսին էլ պարտք մնացի... մի ամբողջ 12 օրվա կյանք։ Բայց տիկնոջ մարգարեական խոսքը ես նրանց բերան-բերան փոխանցել էի. մարդն էլ գլխից էլ զգուշացրել էր, որ էս գործը հենց ֆիֆթի-ֆիֆթի է՝ հրաշքի 50 տոկոսը Տերն է գործում, 50-ը՝ ծառան. դե գնա ու մտածի։ Բայց ես ամենևին էլ չեմ բացառում, որ ամեն տեսակ պայծառատեսի նկատմամբ իմ կանխակալ վերաբերմունքը գալիս է դեռևս մանկությունից, երբ էն անիծյալ Կաշպիրովսկու, հետո նաև ոմն Չումակի պատճառով սովետի ամենալավ մուլտերը տեսա 30 տարեկանից հետո և մանավանդ չեմ ժխտում մարդու էներգետիկ մարմնի գոյությունը, որը յոթ կետերով, շաբաթը յոթ օր ու գիշեր հսկվում է տիեզերքում։ 
Իմ վերջին հույս, իմ սիրելի ընթերցող, օգնիր ինձ, խնդրում եմ լուծել առնվազն հարյուր անհայտով խճողված այս կնոջ հանելուկը, ես քեզ սիրով տրամադրում եմ նրա հետ իմ զրույցը և սպասում քո մեկնաբանությանը...

 

-Անշուշտ, ապրելը հեշտ գործ չէ և մարդու էներգետիկ դաշտում առաջանում են փակուղիներ, որոնք խանգարում են էներգիայի ազատ շրջապտույտին։ Այսօր արդեն գիտականորեն հիմնավորված է, որ յուրաքանչյուր միջօրեական սնում է առանձին օրգան-համակարգերի, որոնք, եթե իրենց բաժին էներգիան չստանան, կկորցնեն դիմադրողականությունը և կսկսեն հիվանդանալ։ Այնպես որ, ես բնավ էլ չեմ կասկածում, որ հնարավոր է թուլացած օրգանը բուժել՝ նրան հավելյալ էներգիա տալով։ Բայց, խնդիրն այն է, թե ո՞վ է այդ տվողը։ Դուք, օրինակ, Ձեր մեջ երբ և ինչպես հայտնաբերեցիք այդ կենսաէներգիան։

 

-Ես քնել եմ 6 ամիս անսպասելի ուժերի կողմից։ Դա եղել է 14 տարեկանում և դրանից հետո, երբ արթնացել եմ, զգացել եմ, որ ես կարծես այս աշխարհի մարդ չեմ, մի ուրիշ աշխարհից լինեի ոնց որ և այնքան բան գիտեի բոլորի մասին, որ անգամ ամաչում էի դրա համար։

 

-Բա տնեցի՞ք, Ձեր ծնողները չէի՞ն անհանգստանում, որ 6 ամիս շարունակ այդպիսի լեթարգիական քուն էիք մտել. մի գիշերվա քունն անգամ փոքրիկ մահ է իր բոլոր հատկանիշներով։

 

- Չէ, չէին անհանգստանում, որովհետև հայրիկս նախօրոք գիտեր, որ ես եկել եմ սուրբ նշանով։ Մինչև իմ ծնունդը տեսել էր երազում, գիտեր, որ ես պետք է այդքան երկար քնեմ։ Երազում եկել, ասել էին իրեն, որ չվախենաս, մերն է ինքը, մենք տանում ենք, հետո կբերենք այն ժամանակ, երբ նա պատրաստ կլինի։ Ու այդպես չեն թողել մարդ մտնի իմ սենյակը, ես խաղաղ քնել եմ։ Չեմ կարող բառերով ասել, թե ի՜նչ հրաշք է կատարվել, երբ ես արթնացել եմ, որովհետև ես մեր աղքատ ընտանիքին միանգամից հարստացրի, անսահմանափակ հերթ էր մեր տան առաջ, ոնց որ Վանգայի մոտ։

 

-Սիրելիս, բայց Դուք էներգետիկ մարմին լինելուց զատ մեզ պես պարզ մահկանացուների նման նաև ֆիզիկական մարմին ունեք, չէ՞, որը հացուջուր է ուզում Ձեզնից։ Այդ 6 ամիսն այդ խեղճ մարմինը ո՞նց դիմացավ այդ հրաշքների ձեռքը:

 

-Նորմալ, սովորական մարդու նման քնել ու արթնացել եմ։ Չեմ էլ զգացել, որ դա 6 ամիս է տևել։

 

- Չէ, ես երևի սխալ եմ վարում այս զրույցը, երևի պետք էր բանական միտքն անջատել ու նոր միայն մտնել այս զրույցի տակ, համարյա մեդիտացիայի նման՝ ուղղակի ապրումներ և ոչ մի միտք։ Փորձեմ քիչ-քիչ հետ հրել մտքերս, իսկ Դուք ամենասկզբից սկսեք, խնդրեմ, արմատներով որտեղացի՞ եք։

 

- Ես ծնունդով Վրաստանից եմ՝ Մառնեուլի շրջանի Ծոփ գյուղից։ Մանկությունն այնտեղ է անցել, մինչև 16 տարեկանն այնտեղ եմ ապրել։ Հետո 16 տարեկանում ամուսնացել եմ, եկել Լոռվա շրջան։ Ունեցել եմ երկու երեխա՝ տղա և աղջիկ ու մարդկային կյանքին հրաժեշտ եմ տվել. դարձել եմ ոչ սովորական մարդ։ Ինձ հիմա հետաքրքիր չի աշխարհիկ կյանքը, աշխարհականը, ես ինձ տվել եմ Աստծոն, Աստվածաշնչին, որպեսզի օգնեմ մարդկանց։

 

-Բայց աշխարհի խոշորագույն պայծառատեսները պնդում են, որ երբ տիեզերքը քեզ վրա տեղում է նման ահռելի կենսաէներգիա, բնավ էլ կարիք չկա ապավինել Վեդաներում, Ղուրանում, Աստվածաշնչում պահվող հին տեքստերին։ Պայծառատեսները հուշում են, որ կյանքն ամեն օր նոր է, իսկ մտքերը՝ միշտ հին...

 

-Ոչ, ոչ։ Ես հիմա պայծառատես չեմ։ Շատ տարիներ առաջ ինքս ինձ ստիպել եմ ու շատ երկար աղոթքներով խնդրել Աստծոն, որ իմ միջից հանի պայծառատեսությունը, որովհետև զգացել եմ դրանից ոչ մի արդյունք չկա՝ ո՛չ ինձ, ո՛չ ժողովրդին։ Սարսափելի բան էր այդ պայծառատեսությունը՝ մեկը մեկին խաբում է, ծախում է, և դու այդ ամենը լրիվ զգում ես ու տեսնում։

 

-Իսկ ես պատրաստվում էի հարցնել, թե արդյո՞ք զգում եք, թե ես այս պահին ինչ եմ մտածում Ձեր մասին։ Փաստորեն չե՞ք զգում։

 

-Դուք չեք պատկերացնի, թե ինչքա՜ն ճիշտ էի հասկանում, կռահում մարդուն։ Իմ ներքին ձայնը հուշում էր, թե Դուք ով եք, Ձեր անունն ի՞նչ է, Ձեր անցյալում ի՞նչ է եղել, քանի զավակ ունեք։ Ներքին մի ձայն անընդհատ ինձ հետ խոսում էր։ Դա ի վերուստ։ Բայց ես դրա հետ համաձայն չէի դեռ փոքր տարիքից։ Ես միշտ լացում էի, ասում էի՝ իմ տեղն այստեղ չէ, ես չեմ ուզում։ Ավելի լավ է ինձ տանեն այստեղից, քան գուշակեմ, թե մեկը մեկին ինչպես է խաբում։

 

-Այսինքն,Դուք նախկինում շատ վառ արտահայտված պայծառատեսություն ունեցել եք։ Իսկ չե՞ք ափսոսում, որ ետ եք վերադարձրել Ձեր այդ շնորհը, չէ՞ որ կարող էիք հիմա գուշակել, թե ո՞րն է լինելու իմ հաջորդ հարցը և գոնե ի մի բերել մտքերը։ էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանը Ձեր պայծառատեսության շնորհիվ օր առաջ կիմանար իր գլխի գալիքը և ավելի ուժեղ կզգար իրեն այս խելագար ու անկանխատեսելի աշխարհում։

 

-Ես Վանգա կամ Նաստրադամուս չէի կարող լինել, ես եղա այն, ինչ պիտի լինեի։ Ես այսպես էլ կարող եմ օգտակար լինել ժողովրդին, 33 տարի այսպես օգտակար եմ եղել, բժշկել եմ մարդկանց, ազատել հազարավոր հիվանդություններից։ Բացասական կամ պակասած էներգիան ես շատ արագ եմ զգում, ձեռքի մեկ հպումով և վերականգնում եմ մարդու չակրաների նորմալ աշխատանքը։

 

-Բայց չակրաների սնուցումը կողմնակի էներգիայով բավականաչափ ռիսկային է, պատահական չէ, որ մարդը ձեռքը միշտ տանում է իր մարմնի ցավոտ տեղին, որովհետև ցավը խոսում է նրա հետ և ասում, որ ինքն ունի էներգաբալանսի խնդիր։ Ու մարդն ակամայից էներգիայի ամենաուժեղ՝ ափի պաշարից ցավի կենտրոնին էներգիա է մատակարարում։ Ուզում եմ հարցնել, ի՞նչ երաշխիք կա, որ Ձեր փոխանցած էներգիան չի վնասի հիվանդին, բացի այդ էլ այսօր նույն՝ Յոգայի շնչառական վարժություններով մարդը կարող է իր էներգետիկ մարմինը կարգի բերել։

 

- Ամեն մի քայլափոխի, անգամ կանաչին, ծառին, հողին, ջրին բացասական էներգիա է գալիս։ Մեկ էլ տեսնում ես ծառը թառամել է։ Կյանքը շատ բարդացել է ու չակրաները խաթարվում են մարդու ներվային կյանքից, որ առանց մտածելու ամեն ինչի վրա ուշադրություն է դարձնում, անհանգստանում։ Մարդու էներգիան պակասում է շատ մտածելուց,անքնությունից ու վախից։ Այս երեքը։ Դու երկար մտածի ու մի քնի, ի՞նչ կլինի քո ուղեղը։ Արթնանում եք հոգնած, չէ՞։ Իսկ ուղեղի կենտրոնական չակրան լիցքավորում է ամբողջ մարմինը, բայց ուղեղը չի սնվել, էներգիա չի ստացել, մարդն սկսում է լարվել, ստամոքսը սկսում է լարվել։ Բայց մարդն այդ ամենը չի կարողանում վերահսկել, ուր մնաց, թե կարգավորի։

 

- Անշուշտ, մարդն իր էներգիան սեփական մտքերից է ստանում։ Իսկ միտքն ամենաարագաշարժ ու հզոր ուժն է և ուղղակի չի կարող իրականություն չդառնալ, այդպիսին է նրա բնավորությունը։ Բայց, ամեն դեպքում, Դուք ինչպիսի էներգիայով էլ օժտված լինեք, մեկ է, էներգետիկ մարմինները փոխազդեցության մեջ են.Դուք էներգիան տալիս և վերցնում եք, այդ դեպքում այլոց բացասական էներգիան Ձեզ չի՞ վնասում։

 

-Կան հատուկ ձևեր, որոնք ինձ պաշտպանում են։ Մարդ ինքն իր ներսում պիտի կրի Աստծուն։ Օրինակ ես՝ նստած տեղում զգացել եմ, որ իմ մասին շատ վատ բան են խոսում, իմ թիկունքում դավեր են սարքում և անմիջապես իմ դաշտը փակել եմ, որ այդ բացասականը չստանամ։ Ինչու՞ եմ բա Ջունայի ակադեմիայում մի հինգ տարի սովորել։ Հիվանդների հետ էլ աշխատելիս փակում եմ միշտ։

 

-Այո, տեսնում եմ, ոտքերը խաչել եք։ Բացասական էներգիա՞ է գալիս ինձնից։

 

-Չէ, ուղղակի միշտ այսպես եմ նստում, միշտ այսպես փակում եմ։

 

-Լավ, փակ պահեք, որովհետև հիմա այնպիսի տիրանների անուններ եմ տալու, որոնք մահ են սփռել իրենց շուրջբոլորը և հաստատ, բացասական ալիք կբերեն իրենց հետ. Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաք, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ. բա քաղաքական այս աստղերը ո՞նց գտան լոռեցի Նարգիզին։

 

-Չէ, իրենց մասին այդպես մի ասա։ Նրանցից ընդհանրապես ոչ մի վատ տպավորություն չեմ ստացել։ Ասադի ողջ գերդաստանին եմ ճանաչում, որդիներին, եղբայրներին։

 

-Տիկին Գալինյան, Դուք հաստատ նրա չակրաները չեք շոշափել, հակառակ դեպքում...

 

-Ես մի անգամ եմ նրան տեսել, հարգալից բարևել է, համբուրվել ենք ու վերջ։ Բայց վարչապետին ասաց՝ ամեն ինչ արեք, որ այս կինը մեր քաղաքից չգնա։ Ես նրա թոռանն էլ եմ օգնել, եղբոր երեխաներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել