Մի անկարգ խոզ իր տիրոջ և նրա կնոջ հետ միասին պատրաստվում էր ինքնաթիռով Կոնեկտիկուտից Վաշինգտոն թռչել, սակայն երբ խոզն սկսեց կեղտոտել հենց ինքնաթիռի հատակին ու խռխռոցներ հանել, ուղևորները աղմուկ բարձրացրին՝ պահանջելով, որպեսզի խոզին հեռացնեն ինքնաթիռից։ Ամերիկյան ավիաուղիների աշխատակիցները դուրս հրավիրեցին անշնորհք խոզին ու նրա տիրոջը՝ Ռոբ Ֆելփսին։ 63-ամյա Ռոբը հետագայում պատմեց, որ կնոջ ու խոզի հետ ուղևորվում էր Վաշինգտոն՝ Գոհաբանության տոնն այնտեղ նշելու, երբ ճանապարհին տեսավ, թե ինչպես են խոզին թոկից կապած տանում խցիկ։ Խոզն այնպիսի աղիողորմ ճիչեր էր արձակում, որ տղամարդու խիղճը տանջեց, և նա որոշեց իր հետ վերցնել խոզին։ Հենց որ նա խոզի հետ ինքնաթիռ մտավ, քար լռություն տիրեց, ապա ոմանք սկսեցին ծիծաղել, ոմանք էլ շոկի մեջ ընկան։ Ուղևորները հավանաբար փորձում էին հասկանալ, թե արդյոք կենդանին ողջ թռիչքի ընթացքում իրենց հետ նույն ինքնաթիռու՞մ է գտնվելու։ Դա փոքր խոզ չէր։ Այն ոչ ավել, ոչ պակաս 36 կիլոգրամ էր կշռում։

5-10 րոպեից խոզն ավելի ագրեսիվ դարձավ, ու մի շարք ուղևորներ սկսեցին գանգատվել խոզի ներկայությունից։ Այս ողջ պատմության մեջ ամենազավեշտալին ոչ թե խոզի, այլ Ամերիկյան ավիաուղիների աշխատակցուհու պահվածքն էր։ Նա ամենայն լրջությամբ մոտեցավ խոզին և այնպես սկսեց նախատել խոզին և այնպես խոսել նրա հետ, ասես վերջինս գիտակից մարդ էր։ Ուղևորներից շատերը մինչ այժմ էլ չեն հասկանում, թե ինչպես է խոզին թույլատրել մուտք գործել ինքնաթիռ։ Բանն այն է, որ կինը խոզին գրանցել էր իբրև էմոցիոնալ աջակցություն ցուցաբերող կենդանի: Ըստ Երթևեկության մասին կանոնադրության՝ նման դեպքերում թույլատրվում է կենդանուն ինքնաթիռ մտցնել։ Թե ինչ էմոցիոնալ օգնություն պիտի ցուցաբերեր խոզն իր տերերին, պարզ չէ, սակայն օրենքը մնում է օրենք։

Այնուամենայնիվ, երբ խոզն սկսեց իրեն խոզավարի պահել, նրան ստիպված էին տերերի հետ միասին հեռացնել ինքնաթիռից, քանի որ հակառակ դեպքում կոտնահարվեին մյուս ուղևորների իրավունքները։ Թեպետ Ֆելփսի թռիչքը ձախողվեց, նա դեռ երկար էր հիշում այս զավեշտալի միջադեպն, ու Գոհաբանության տոնի ողջ ընթացքում ուրախ տրամադրությունն անպակաս էր նրա ընտանիքից։



