Tert.am–ը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կոչն ուղղված տնտեսվարողներին՝ օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով առաջարկվող արտոնություններից, դեռևս արձագանք չի ստացել. այս մասին Tert.am-ին ասաց գյուղապետը, ով հիշեցրեց՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և հույս հայտնեց, որ հենց այդ ժամանակ էլ կմեծանա հետաքրքրությունը բիզնես շրջանակներում։


«Առայժմ արձագանք չկա, օրենքը հունվարի 1-ից է գործելու, գուցե այդ ժամանակ ավելի ակտիվանան։ Չեմ ասում մեծ, փոքրիկ ձեռնարկություն որ ստեղծեն, հումքի բազայի վրա, որպեսզի և՛ մարդիկ կարողանան աշխատել, և՛ իրենք օգուտ ստանան»,-ասաց նա։


Գյուղապետը նույնիսկ հուշում է, թե սկզբնական շրջանի համար ինչ փոքր ձեռնարկություններ կարելի է հիմնել։ «Տարբեր ոլորտներ կան՝ փայտամշակում, գորգագործություն, պահածոների արտադրություն, նաև չրերի պատրաստման համար, ջերմոցային տնտեսություններ, սունկ աճեցնելու... շատ են, այնպես որ մարդուն հնարավորություն տրվի աշխատելու»,-ասաց նա։


Իսկ թե ռիսկի գործոնը հաշվի առնելով՝ ինչքանո՞վ արտոնությունները կգայթակղեն գործարարին՝ Սամվել Սաղոյանն ասաց, որ եթե այդ համայնքներում մարդիկ են ապրում իրենց երեխաների հետ, ուրեմն գործարարն էլ անհանգստանալու մեծ առիթ չունի։


«Հաշվի առնելով, որ եթե Չինարի գյուղում մարդն ապրում է իր ընտանիքով, իր երեխայի հետ միասին, ուրեմն պետք է բոլորս էլ աջակցենք, սատարենք, որ այստեղ կյանքը լավ լինի, որ համայնքը պաշտպանենք։ Եթե ես էստեղ իմ կյանքը վտանգելով ապրում եմ, ի՞նչ է խանգարում նույն գործարանին՝ իր բիզնեսը դնել այստեղ։ Ես միշտ էլ ասել եմ՝ մեր անվտանգությունն ապահովված է, մեր սահմաններն էլ անձեռնմխելի են, Աստված չարասցե, եթե պատերազմ լինի, ներկայիս պատերազմը բոլորովին այլ մասշտաբի կլինի։ Իսկ եթե տասնյակ գյուղեր ու տասնյակ հազարավոր մարդիկ էլ ապրում են, ուրեմն ոչինչ չի խանգարում, եթե հասկանում են՝ ինչ է հայրենիքը»,-ասաց նա։


Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, թե սահմանամերձ տարածքներում բիզնեսով զբաղվելու հետաքրքրվածություն կա և նույնիսկ մի քանի հայտեր է ստացել, չնայած ցանկը ներկայացնել չէր կարող, ձեռքի տակ չկար։


Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, չնայած օրենքի նախագիծն ընդունվել է, դեռևս հստակ չգիտի՝ իր համայնքն ընդգրկվե՞լ է այդ ցուցակում, թե ոչ։ Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ քանի որ երկու տարի առաջ Ճամբարակը և Վահանը հողի հարկից ազատված են եղել, բնականաբար, պետք է որ ընդգրկվեին։


«Ուղղակի ինձ մի բան է անհանգստացնում, որ միշտ նշվում է գյուղական համայնքներ, բայց քանի որ Ճամբարակը քաղաքային համայնք է, մի քիչ մտավախությունս այդտեղ էր, բայց դե ցուցակին ծանոթ չեմ և հստակ չեմ կարող ասել»,-ասաց նա։


Ամեն դեպքում քաղաքապետը բիզնես սկսելու առաջարկ իր համայնքում չի ստացել։«Մտածում եմ՝ դա ժամանակի խնդիր է, բայց դեռևս արձագանք չկա»,-ասաց նա։


Սահմանամերձ համայնքի քաղաքապետն իհարկե ռիսկի գործոնը չի թերագնահատում. «Իսկ ինչու, մեր շրջանում բիզնես չի՞ դրվել, որովհետև համարվում է ռիսկային գոտի, և բոլորն էլ մտածում են, որ հնարավոր է մի պայթյունի հետևանքով ամեն ինչ կորցնեն, այդ բոլորը գիտակցում են։ Բայց թե ինչքան կշահագրգռեն մարդկանց այս արտոնությունները, չեմ կարող ասել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել