Ծնված օրից մենք ձևավորում ենք ընդհանուր և առանձնահատուկ հատկանիշներ, դաստիարակվում որոշակի հանգամանքների, պայմանների ու պատահականությունների ազդեցության տակ, կրում ընտանիքի, միջավայրի, հասարակության, ինչպես նաև համամարդկային արժեքներ, ժառանգություն ենք ստանում ֆիզիոլոգիա: Երբ հասնում ենք գիտակցական տարիքի, մենք արդեն իսկ ունենում ենք զգալի պաշար, ձևավորված կմախք, որը հետագա կյանքում հիմնականում քիչ է փոփոխվում:
Սա է այն հիմնական գաղափարը, որը պետք է ծառայի մեզ մեր կյանքի նպատակների կառուցման ժամանակ: Մենք չենք կարող անտեսել ակնհայտ փաստերը, չենք կարող փոխել նախապես ձևավորված տվյալները, մենք կարող ենք դրանք ուղղորդել, ազդեցությունը նվազեցնել կամ հակառակը, բայց մեր բնությունից խուսափել չենք կարող:
Մարդկանց մեծամասնության խնդիրը նրանում է, որ ինքնաճանաչողությունը փնտրում են արտաքին աշխարհում, իսկ պետք է ի վերջո գտնեն իրենց մեջ: Մարդու պոտենցիալը՝ թե մտային, թե ֆիզիկական առումով սահմանափակ է ի համեմատ աշխարհի անսահմանափակության: Մարդը պետք է ձգտի ընդարձակել իր սահմանները, ձգտի իր հնարավորության գագաթնակետին, ինքն իր կատարելագործմանը, ու այստեղ նա չունի համեմատականներ, ամեն մարդ իր ծնունդով եզակի կոմբինացիա է, համակարգ, որ կարիք ունի զարգանալու, ինքնամաքրվելու, հղկվելու:
Ընդունել սեփական առանձնահատկությունները կնշանակի նաև կրել պատասխանատվություն դրանց համար, պայքարել դրանք պահպանելու համար, ճանաչել և սիրել դրանք:
Ամեն մարդ իր էությամբ դասական հանճար է, որը պետք է ընդունի իրեն տրված սահմանները և ձգտի դրանում հասնել գագաթնակետին:
Պատմության մեջ հանճարները հիմնականում եղել են հանգամանքների ու պատահականությունների զավակները, որոնք հայտնվել են ճիշտ պահին ճիշտ տեղում: Մարդկային մեծությունը կայանում է գիտակցված ընտրության մեջ, ընտրություն որը տանում է դեպի ինքն իրեն, դեպի բնության եզակի գլուխգործոց:
Երբ ասում ենք, որ չկա ոչինչ անհնար, դա հնարավորն է մեր սահմաններում, դա կատարյալն է մեզ տրված լիմիտներում, ու ոչինչ այնքան պարզ չէ, քան ճանապարհը դեպի հենց մեր կատարելություն:
Ունիվերսալ մարդիկ չեն լինում, լինում են մարդիկ, ովքեր շեղվել են իրենք իրենցից ու խառնվել դեպի ուրիշ տանող ճանապարհին։
Մարդը կարիք ունի անընդհատ վերաարժևորելու ու գնահատելու ներկայիս փուլը, հասկանալու՝ արդյոք շեղումները կառավարելի են:
Դեպի մեզ ճանապարհը զուրկ է ավելորդություններից, կեղծիքներից, արհեստականություններից, այն մեր բնությունն է:
Եթե մարդ մի անգամ գիտակցի իրեն տրված անփոփոխ փաստերը, սկսի կառուցել հենց այդ հիմքի վրա և զարգացնել հենց իր առանձնահատկությունները, մարդը կսովորի ճանաչել ինքն իրեն, սիրել ինքն իրեն, կատարելագործել ինքն իրեն:
Երբեք ուշ չէ սկսել ճանապարհը դեպի ինքներս մեզ:



