
Զով միջավայրում քունը կարող է հավելյալ կիլոգրամներից ազատվելու միջոց ծառայել: Այն կարող է նաեւ շաքարախտի եւ այլ նյութափոխանակային խանգարումների առաջացման ռիսկը նվազեցնել, հաղորդում է Deccan Chronicle-ը: ԱՄՆ քնի ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված միջազգային հետազոտության արդյունքների համաձայն, բոլոր վերը հիշատակված դրական ազդեցությունները կարելի է ընդամենը մերկ քնելով վայելել:
Քնով անցնելու համար մարդու մարմնի ջերմաստիճանը պետք է մոտավորապես կես աստիճանով իջնի: Այդ ժամանակ ուղեղը սկսում է համապատասխան ազդանշաններ ուղարկել՝ արյունատար անոթների ուղղությամբ, որոնք էլ, իրենց հերթին, ընդլայնվում են եւ ջերմություն արձակում: Ներկայումս գնալով ավելի շատ տեղեկություններ են ձեռք բերվում շագանակագույն ճարպի մասին: Ի տարբերություն սովորականի, այն կալորիաների այրմանն է նպաստում: Այդպիսի ճարպեր մեծ քանակությամբ երեխաների օրգանիզմում կարելի է գտնել, ինչը նրանց մարմնում ջերմության պահպանման համար է անհրաժեշտ: Հետազոտությամբ պարզվել է, որ չափահաս մարդկանց օրգանիզմը եւս շագանակագույն ճարպեր է պարունակում: Իսկ գործունեության որոշ տեսակներ էլ, մասնավորապես՝ քունը՝ զով ննջարանում, կարող են դրանց ակտիվության աճ խթանել:



