Life.panorama.am-ը գրում է․

Երաժշտությունը երգի շնչառությունն է, որքան լիաթոք՝ այնքան հաջողված: Անկախ ազգային պատկանելությունից՝ այն լսում ու հասկանում են բոլորը: Life.panorama.am-ի զրուցակիցը կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող Արա Թորոսյանն է, նույն ինքը՝ Մուրզոն, ում ստեղծագործություններն ինքնատիպ ձեռագիր ու ասելիք ունեն:
-Եթե չեմ սխալվում, Հայաստանում չէիք: Նո՞ր եք եկել:
-Ես բավական ժամանակ է` գնում եմ ու գալիս: Աշխատում և ապրում եմ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդպես էլ Հայաստանում: Պարզապես աշխատանքիս բնույթն է այդպես:
-ԱՄՆ-ում հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Խաղարկային, դոկումենտալ մի քանի մեծ ու փոքր ամերիկյան ֆիլմերի երաժշտական ձևավորմամբ եմ զբաղվում:
-Ասում են՝ յուրաքանչյուր երաժշտություն լեզու ունի, իր երկրին է համահունչ: Դժվար չէ՞ աշխատել այլազգիների հետ:
-Իմ երաժշտական «խոսակցական լեզուն», հավանաբար, իրենց հարազատ է, դուր է գալիս, այդ պատճառով էլ աշխատում ենք միասին:
-Հայաստանում համագործակցություններ ունե՞ք ներկա պահին:
-Հենց այս պահին «Անավարտ թռիչք» ֆիլմի երգի գործիքավորումն եմ պատրաստվում ներկայացնել, որը կատարելու է Անուշ Արշակյանը: Ընդհանրապես, շատերի հետ եմ աշխատւմ:
-Դուք աշխատում եք նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ մեր երգիչ երգչուհիների մեծ մասը կենդանի ձայնով հանդես չի գալիս:
-Եթե չեմ սխալվում, հիմա շատերը կենդանի ձայնով են ելույթ ունենում, քանի որ նման օրենք, պահանջ կա՝ համերգասրահներում կենդանի ձայնով ելույթ ունենալ: Իսկ եթե հեռուստատեսությունը նկատի ունեք, աշխարհում նորմալ երևույթ է, քանի որ տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ: Իսկ համերգասրահներում, եթե դա հեռուստանկարահանման համար չէ, բոլորն էլ կենդանի պետք է երգեն:
.jpg)
-Համաձա՞յն եք, որ երգի ճանաչման և հաջողության գլխավոր բաղադրիչը լավ գործիքավորումն է: Հատկապես այսօր, երբ խոսքերն այնքան էլ ընկալելի չեն:
-Ես կարծում եմ, երգի հաջողության համար ամեն բան է կարևոր՝ խոսք, երաժշտություն, գործիքավորում, և, իհարկե, երգիչ: Այնպես չի, որ երգի գլխավոր «պատասխանատուն» գործիքավորումն է:
-Բայց չէ՞ որ մարդուն առաջինը գրավում է երաժշտությունը: Կարող ես բառերը չհասկանալ, օտարալեզու լինեն, բայց երաժշտությունը հասկանալու համար լեզու իմանալը պարտադիր չէ:
-Ցանկացած պարագայում այդպես է, առաջինը երաժշտությունն ես լսում: Բայց դա չի նշանակում, որ այդ երգի հաջողությունը կախված է գործիքավորումից: Անգամ, եթե այս կամ այն երգը մի քանի տարբերակով գործիքավորվի, դրանից կոնկրետ այդ երգի որակը գլոբալ փոփոխության չի ենթարկվի:
-Այդ դեպքում, ինչո՞ւ որոշ գործիքավորողներ հաջողության ու ճանաչման են հասնում, որոշներն էլ՝ ստվերում մնում: Օրինակ բերելով Ձեզ՝ կարող եմ ասել, որ այն երգերը, որոնք դուք եք գործիքավորել, մեծամասամբ հիթային են դարձել, ճանաչվել ու սիրվել:
-Շնորհակալ եմ: Ես դա որպես «կոմպլիմենտ» եմ ընդունում: Երևի, նրանից է, որ երբ երգիչներն ինձ երգ են վստահում, ի սկզբանե ակնկալում են, որը երգը պետք է հիթային դառնա (ժպտում է): Շատ ու շատ հանգամանքներից է կախված հիթային լինելը: Այդ հիթային ասածն էլ հարաբերական է: Կարող են մի երգ մի քանի օր, մեկ ամիս անընդհատ լսել ու հետո նրա մասին մոռանալ: Եվ հակառակը՝ երգը լսում են ուշ-ուշ, բայց չեն մոռանում դրա մասին: Բայց, մնայուն արժեք ներկայացնող երգերն ավելի քիչ են: Պատահում է, երգի մեջ հնչած միայն մեկ բառով է այն ճանաչվում ու սիրվում, ցավոք սրտի, երբեմն, ինչ-որ «հիմար» բառով: Կարող է նույնիսկ երգը «համեմունքներ» չունենա, բայց երկար ժամանակ լսելի լինի: Այսօրվա հիթային երգերը տարբերվում են առաջվանից, քանի որ այն ժամանակ այսօրվա նպատակները չեն հետապնդվել: Երգիչներն ավելի շատ իրենց սրտի թելադրածն են իրականացրել: Իսկ հիմա պարտադիր անում են այնպիսի մի բան, որ կարողանան հեռուստատեսությամբ ու ինտերնետային որոշ կայքերով սկանդալային ելույթ ունենալ: Ամբողջ աշխարհում է այդպես:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



