Քո վարքը փոքրիկ բան է, որը մեծ ազդեցություն է թողնում։

1 Նախանձելը։ Թույլ մի տուր, որ նախանձը կործանի անձդ։ Նախանձը քո օրհնությունների փոխարեն մեկ ուրիշի օրհնությունները հաշվելն է։ Այդպիսի վարքի մեջ ոչ մի լավ բան չկա, որը կստիպեր հպարտանալ քեզնով։ Այնպես որ, դադարիր քո ճամփորդությունը համեմատել մյուսների ճամփորդության հետ։ Քո ճամփորդությունը միայն քոնն է, այն անհամեմատելի է։ Դու միայն մեկ մարդու հետ ես մրցության մեջ, և այդ մարդը դու ինքդ ես։ Դու մրցում ես ինքդ քեզ հետ՝ քո լավագույն եսը լինելու համար։ Եթե դու ցանկանում ես չափել քո առաջընթացը, համեմատիր քեզ այն մարդու հետ, ով կայիր երեկ։
2 Ամեն ինչ չափազանց անձնական ընդունելը։ Մարդիկ իսկապես թունավոր վարքագիծ են դրսևորում, երբ ամեն ինչ իրենց սրտին մոտ են ընդունում կամ հավատում, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում իրենց շուրջ, իրենց վրա ուղղակի հարձակում է։ Ճշմարտությունն այն է, որ այն, ինչ մարդիկ ասում են և անում, ավելի շատ հենց իրենց է վերաբերում, քան քեզ։ Մարդկանց արձագանքը քո հանդեպ իրենց պատկերացումների, վերքերի ու կենսափորձի արդյունքն է։ Անկախ նրանից՝ մարդիկ կմտածեն, թե դու հրաշալի մարդ ես, թե կկարծեն, որ ամենավատն ես, դա ավելի շատ հենց իրենց է վերաբերում։
Իհարկե, չպետք է եսասեր գտնվել ու արհամարհել յուրաքանչյուր արձագանք ու միտք մեր ու մեր վարքի մասին, սակայն չպետք է ամեն ինչ չափազանց անձնական ընդունել։ Շատ ավելի արդյունավետ ու ճիշտ է, երբ ոչ թե ուրիշների լավ ու վատ կարծիքներից ես սկսում կառչել, այլ հիմնվում ես սեփական ինտուիցիայի ու իմաստության վրա՝ ինքդ քո մտքերը, քայլերն անկողմնակալորեն գնահատելով։
3 Միշտ զոհի դերում լինելը։ Քեզ անընդհատ զոհի կարգավիճակում զգալն ու պահելը մարդկանց վանում է քեզնից։ Հավատալով, թե զոհ ես և ոչ մի իշխանություն չունես քո կյանքը կառավարելու համար, դու թունավորում ես թե՛ քո, թե՛ մյուսների կյանքը։ Այս թունավոր անհիմն մտքերը թույլ չեն տալիս քեզ քայլեր ձեռնարկել։ Երբ դու դադարես բողոքել ու հրաժարվես ինքդ քեզ որպես զոհ վերաբերվել, դու կտեսնես, որ շատ ավելի ուժեղ ես ու շատ ավելին կարող ես անել, քան պատկերացնում ես, սակայն միայն այն դեպքում, եթե ընդունես այս իրականությունը։
4 Բացասական մտածողություն։ Դժվար է գտնվել այնպիսի մադկանց շրջապատում, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել բացասական մտածողությունից։ Այս մարդիկ, շարունակ խոսելով անարդարության ու դժվարությունների մասին, հրաժարվում են տեսնել կյանքի դրական կողմը։ Վատատեսությունը մի բան է, սակայն երբ բացասական մածողության մեջ թակարդված ես պահում միտքդ, դա արդեն բոլորովին այլ բան է։ Միայն բացասականը տեսնելն ու մտածելը, իբր ամեն բան վատ է և քո դեմ, քայքայում է ոչ միայն քո, այլև մտերիմներիդ կյանքը։
5 Էմոցիոնալ առումով անհավասարակշռությունը։ Սեփական էմոցիաները կառավարել չկարողանալը թունավոր է բոլոր քեզ շրջապատողների համար։ Մենք բոլորս էլ գիտենք այսպիսի մարդկանց. նրանք բռնկվում են, բարկանում, ամեն մի փոքրիկ խնդրից նրանց աչքերում արցունքներ են հայտնվում, նրանք բղավում են խանութի աշխատակցի վրա՝ հերթում երկար սպասելու համար և այլ։ Եթե դու նկատում ես, որ ինքդ էլ շուտ ես բռնկվում ու չես կարողանում զսպել զգացմունքներդ, ուրեմն պետք է փորձես հասկանալ ներքին անհանգստությանդ պատճառն ու աշխատես լուծել խնդիրը։ Դրա տակ շատ ավելին է թաքնված, քան այն, ինչ երևում է արտաքինից և դու կարող ես վերականգնել հանգստությունդ ու հավասարակշռությունդ, միայն թե պետք է չվախենաս քայլ կատարել ու օգնություն ընդունել, եթե զգաս, որ դրա կարիքը կա։

6 Մարդկանց մասին մակերեսային դատողություններ անելը։ Միշտ մի դատիր մարդուն նրանով, ինչ նրանք ցույց են տալիս արտաքինից։ Հիշիր, որ այն, ինչ դու տեսնում ես, հաճախ այն է, ինչ տվյալ մարդն ընտրել է ցույց տալ քեզ՝ ելնելով իր ներքին սթրեսից ու ցավից: Երբ ինչ-որ մեկը ստիպում է քեզ ցավ զգալ, դա սովորաբար այն պատճառով է, որ նրանք իրենց սրտի խորքում ցավ են ապրում։ Երբ նկատես, որ նման կերպ ես վարվում, դադարիր։
7 Խաբելն ու բարոյական նորմերի սահմանն անցնելը։ Խաբելն ու դավաճանելը ընտրություն է և ոչ թե արդարացում։ Եթե դու որոշես խաբել, ու քեզ հաջողվի անել դա, երբեք չկարծես, որ այդ մարդը հիմար էր։ Հասկացիր, որ նա քեզ ավելի շատ էր վստահում, քան արժանի ես։ Ավելի մեծ եղիր։ Մի արա այնպիսի բաներ, որոնք դեմ են բարոյականությանը, որովհետև դու կարող ես դա անել։ Մի դավաճանիր ու խաբիր։ Ազնիվ եղիր ինքդ քո և մյուսների հետ։ Ճիշտ վարվիր։
8 Մշտապես ընդունված լինել ցանկանալը։ Մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են իրենց յուրանքանչյուր արարքի համար հավանություն գտնել մյուսներից, պարզապես հոգնեցնում են իրենց շրջապատին։ Այսպիսի կանայք ու տղամարդիկ մշտապես կարիք ունեն ապացուցելու իրենց արժեքը՝ ցանկանալով մշտապես ուշադրության կենտրոնում լինել ու ցույց տալ, որ բոլորից ամենալավն են։ Իմացիր սա, փորձելով անընդհատ բոլորին ցածրացնել՝ ի վերջո ինքդ քեզ ես ցածրացնում ու վանում քեզ մյուսներից։ Կյանքի ավելի մեծ պատկեր գոյություն ունի, և այն ամենևին էլ չի վերաբերում այն բանին, թե ինչերի ես հասել կյանքում։ Ճամփորդությունն է կարևորը, այն ընթացքն ու ճանապարհը, որ անցել ես, այն ամենը, ինչ սովորել ես և թե ինչպես ես օգնում մյուսներին։ Հենց այդ աճելու ու զարգանալու գորընթացն է, որ օգնում է քեզ ապրել։
9 Անդրդվելի պերֆեկցիոնիստ լինելը։ Որպես մարդ արարած՝ հաճախ մենք փորձում ենք հաստատուն կատարելության հետևից ընկնել։ Մենք այսպես ենք վարվում, երբ կատարյալ տուն ենք փնտրում, աշխատանք, ընկեր ու երկրորդ կես։ Խնդիրը կայանում է նրանում, որ իրականում հաստատուն կատարելություն գոյություն չունի այս կյանքում։ Որովհետև կյանքը շարունակական ճամփորդություն է, որն անընդհատ զարգանում ու փոփոխվում է։ Այն, ինչ այստեղ է այսօր, այլևս իր տեղում չի լինի վաղը՝ ոչ այդ կատարյալ տունը, ոչ աշխատանքը, ոչ էլ նույնիսկ ընկերն ու երկրորդ կեսդ։



