Tert.am-ը գրում է․
Լավաշը պատրաստել են միայն թոնիրում, իսկ թոնիրը նստակյաց ժողովրդի մշակույթ է, ոչ թե քոչվոր: Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելուն, ինչըառաջացրել է թուրքերի վրդովմունքը:
«Հայ մարդը ինչ իրեն հիշում է, լավաշ է թխել։ Լավաշը եղել է և հայ պատմիչների աշխատություններում, լավաշը հիշատակվում է դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Իսկ թուրքը քոչվոր ժողովուրդ է եղել, առանց պատմության , հայրենիքի, այնպես որ ո՛չ քուրդը, ո՛չ թուրքը չէր կարող լավաշ ունենալ: Անգամ Հայաստանում էլ ամենուր չէ, որ լավաշ են թխել, որովհետև թոնիրներ կառուցել են դաշտավայրային շրջաններում՝ Մշո դաշտում, Արարատյան դաշտում: Սյունիքում լավաշ չեն թխել, ընդունված չի եղել, որովհետև այնտեղ բուխարիներ են եղել, փռեր, որպես կրակարաններ»,- ասաց նա:
Արմենուհի Ստեփանյանը նաև նշեց, որ դաշտավայրային շրջաններում տները երդիկներով էին, թոնիրն էլ ուղղահայաց երդիկի տակ էին, լեռնային շրջաններում հարթածածկ տներ էին՝ առանց երդիկի:
«Եթե աշխարհը մի քիչ գրագետ լինի կհասկանա, թե որտեղից է գալիս թոնիրն ու լավաշը: Իսկ թուրքը մնում է միայն Մեսրոպ Մաշտոցին սեփականացնի և ասի, որ այբուբենն էլ է իրենցը: Իրենը չունեցող ժողովուրդը միշտ փորձում է ուրիշներինը սեփականացնել: Լավաշը մեր ազգային հացն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ