Interpress.am-ը գրում է․
Մոտ տասը տարի առաջ կարդալով Ֆեթիհե Չետինի մասին, ինչպես նաև ընթերցելով նրա գրքերը` ենթադրեցի, որ նա տխուր և փխրուն կին է, մարդ, որը տանջանքների միջով է անցել: Այդպիսին էր իմ կարծիքը` հաշվի առնելով բոլոր այն դժվարությունները, որ նա վերապրել է իր անձնական և մասնագիտական կյանքում: Ինձ համար անակնկալ էր, երբ պարզեցի, որ Չեթինը ճիշտ հակառակն է: Նա շատ անկեղծ ժպիտ ունի, ամենասարսափելի երևույթների մասին խոսում է շատ մեղմ, հոգատար ձայնով և խորը մտահոգությամբ:
Չեթինի բարեգութ և հանգիստ վերաբերմունքը հազվադեպ երևույթ է թուրքական քաղաքական դաշտում: Հարցազրույցից հետո ես հասկացա, որ իմ կարծիքը կիսում են գրեթե բոլորը, ովքեր հանդիպել են նրան Լոս Անջելեսում կամ Թուրքիայում:
Չեթինը ծնվել է Մադենում` էլազիգում (Թուրքիայի արևելյան նահանգ) 1950-ին: Մորական կողմից նրա տատը` Սեհերը, ընտրել է Չեթին անունը` պահելու համար իր երկար թաքցրած գաղտնիքը: Նա 1915 թվականի մահվան քայլերթի հայ փրկվածներից էր, ում կոտորածից պահել է մի զինվոր, որի ընտանիքը հավանություն է տվել այդ որոշմանը:
Չեթինի տատիկի իրական անունը Հերանուշ էր, 1915-ին նա մոտ 10 տարեկան էր: Երբ հայերը հեռացան, փոխվեց ինչպես որբերի, այնպես էլ բնակավայրի անունը: Սեհերը թուրք և մուսուլման կնոջ անուն է հիշեցնում: Երբ 2000-ին Սեհերը մահացավ, Չեթինը նրա համար մահախոսական հրապարակեց Ակոս շաբաթաթերթում, որը Թուրքիայի հայկական համայնքի ձայնն է:
Չեթինը ջերմ հարաբերություններ ուներ Ակոսի խմբագիր Հրանտ Դինքի հետ (ում սպանեցին 2007-ին): Այդ մահախոսականը հատեց օվկիանոսը և հասավ Սեհերի փոքր քրոջն ու զարմուհիներին` Գադարյան ընտանիքին, որոնք զանգահարեցին Ակոս: Չեթինը նրանց հետ հանդիպեց Նյու Յորքում:
2004-ին նա հրապարակեց «Իմ տատը» ցնցող գիրքը` պատմելով իր տատիկի պատմությունը: Գիրքն այնուհետև թարգմանվեց 13 լեզուներով: 2009 թվականին նա հրատարակեց երկրորդ գիրքը` «Թոռները» (որը թարգմանվեց երեք լեզուներով)` այս անգամ հրապարակելով հարցազրույցներ Թուրքիայում ապրող թաքնված քրիստոնյաների թոռների հետ: Նրա վերջին` «Ես ամաչում եմ» գիրքը, ներկայացնում է Չեթինի կասկածները և մտահոգությունները Հրանտ Դինքի գործով, որում նա ընդգրկված է որպես Դինքի ընտանիքի փաստաբան:
Չեթինը նոյեմբերի 12-24-ը Լոս Անջելեսում էր, նրան հրավիրել էր Հայկական Միացյալ Խորհուրդը (Հայոց ցեղասպանության ոգեկոչման Լոս Անջելեսի հայկական միացյալ մարմին) Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը մասնակցելու համար:
Al Monitor: «Իմ Տատի» լույս տեսնելուց հետո անցել է տասը տարի: Դա մի ցնցող գիրք է: Մեկ տասնամյակ անց, ինչպե՞ս եք տեսնում դրա ազդեցությունը թուրքական հասարակության կամ քաղաքական գործիչների վրա: Եվ ինչպե՞ս է գիրքը ազդել ձեր անձնական կյանքի վրա:
Չեթին: 1915-ի իրադարձությունները տաբու էին Թուրքիայում: Այդ մասին չէր խոսվում ոչ միայն հրապարակավ, այլև մասնավոր զրույցներում: Կար ցավալի լռություն Հայոց ցեղասպանության, նաև իսլամացած հայերի մասին: Ես 1980 թվականին կարճ ժամանակ բանտում էի հայտնվել, քանի որ, որպես երիտասարդ ուսանող, բողոքում էի զինվորական ռեժիմի դեմ: Մենք քաջ էինք և բարձր էինք հայտնում մեր բողոքը` վանկարկելով մեր կարգախոսները: Փոքր բանտախցում ընդդիմախոս կանանցով մենք ստեղծել էինք ընկերական ամուր կապեր, բայց անգամ այդ ժամանակ, երբ խոսք էր գնում հայկական արմատների մասին, մենք միայն կարողանում էինք շշուկով խոսել: Ահա թե ինչն էր տասնամյակներ անց ինձ մղում բացել այդ արգելքը և հրատարակել (2004-ին) այդ գիրքը:
Ես ցանկանում էի լսելի լինել բարձր և պարզ: Հավատում էի, որ դա իմ պարտքն է իմ տատիկի և բոլոր նրանց առաջ, ովքեր փրկվել են այդ դեպքերից, և ում կյանքն ու ինքնությունը հիմնավորապես փոխվել է:
Այդ մարդիկ թեմայի մասին խոսելու հնարավորություն երբեք չեն ունեցել: Տատիկների և պապիկների մեծ մասը այժմ արդեն չկան: Մենք չգիտենք, թե ինչ ապրումներ են նրանք ունեցել այդ ընթացքում, բայց մենք գիտենք նրանց լռության մասին:
Ես հավատում եմ, որ ցեղասպանությունը միայն սպանված մարդկանց քանակը չէ, դա նաև հասարակության մեջ այդ մասին գոյություն ունեցող լռության ծավալն ու մեծությունն է: Խորացնելով լռությունը` խորացնում ենք մարդկային ողբերգությունը:
Ինձ համար գիրքը շատ դրական հետևանքներ է ունեցել: Ես չեմ ենթարկվել հետապնդումների: Ավելի վաղ, հայտնի գրողները` ինչպես Օրհան Փամուքը, բախվել են մեղադրանքների միևնույն հարցը բարձրացնելու համար, բայց իմ գիրքը դրական հետևանքներ ունեցավ: Եվ դա մեզ հույս տվեց, որ մենք կկարողանանք քանդել լռությունը: Իմ առաջին գրքից հետո մարդիկ սկսեցին ուսումնասիրել իրենց ընտանեկան տոհմածառը: Թուրքիայում տոհմածառ ունի միայն մի քանի ընտանիք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ