ArmnewsTV.am-ը գրում է․
Հայ-ադրբեջանական տեղեկատվական հակամարտությունը բարձրանում է նոր մակարդակի: Ադրբեջանական ապատեղեկատվությունը, դրա գործիքներն ու կեղծիք տարածելու ձևերն ուսումնասիրող հայ մասնագետները մեկ հարկի տակ քննարկել են տեղեկատվական ռիսկերին, դրանք գնահատելու և վերահսկելու մեխանիզմներին առնչվող հարցեր: Սա հատկապես կարևոր է սահմանային լարվածության պայմաններում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ մշակված մարտավարությամբ փորձում են շփոթեցնել հայկական լսարանին, խուճապ տարածել, միևնույն ժամանակ քողարկել իրենց բանակի սադրանքներն ու կորուստները:
Օգոստոսին պարզ դարձավ, որ տեղեկատվական առճակատման հետևանքները կարող են չափազանց ազդեցիկ լինել: Ադրբեջանական կողմը կոտրեց հայկական կայքերից մեկի ռուսալեզու բաժինը, տեղադրեց ապատեղեկատվություն, որից հետո կայքէջի լուսանկարը տարածեց սեփական ԶԼՄ-ներով: Ադրբեջանում հավատացին, թե հայերն ունեն տասնյակ կորուստներ, Բաքվում փոքր ինչ հանգստացան: Այդ քայլի մյուս նպատակը հայկական կողմում խուճապ տարածելն էր: Դա տեղի չունեցավ, քանի որ կեղծիքը շատ պարզունակ էր, լրատվական դաշտն էլ արագ կողմնորոշվեց.
Ադրբեջանական լուրերը տարածվեցին առանց սկզբնաղբյուրի և ապացույցների, իսկ հայկական կողմը հրապարակեց սպանված դիվերսանտների թողած զենքերի լուսանկարները: Օգոստոսին կրած պարտությունից հետո Ադրբեջանում որոշեցին արգելել սահմանային դեպքերին առնչվող իրադարձությունների լուսաբանումը: Լրագրողները իրավունք ունեն հրապարակել բացառապես պաշտոնական տեսակետը: Այդ պատճառով, ուղղաթիռի դեպքում, ադրբեջանական լրատվամիջոցները չկրկնեցին օգոստոսի պարզունակ հնարքները. բավարարվեցին պաշտոնական հաղորդագրությամբ, որը ևս սուտ էր: Հայկական կողմում նույնպես փոփոխություններ եղան:
Տեղեկատվական անվտանգության մասնագետները, հայ-ադրբեջանական ինֆորմացիոն հակամարտությանը հետևողները կոչ են անում թշնամական քարոզչությունը ներքին դաշտ չբերել, ստուգել, հասկանալ, թե որ տեղեկությունը ինչու է տարածվել և ինչ նպատակ ունի, քանի որ հարևան երկրում լրագրությունը որևէ կապ չունի լուր գրելու հետ:
Տեսանյութը՝ այստեղ