Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի:

Թե հայկական և թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկանց կամ կուսակցությունների բանակի մեջ չէ: Խնդիրը նոր նպակներին հասնելու վճռականության և անկեղծության մեջ է: Նաև դա հաշվի առնելով՝ երևի, ճիշտ կլինի, որ 5000 հոգու և մարզային կառույցների պահանջը օրենքից հանվի: Միևնույն է՝ խաբում են, և ոչ ոք չի ստուգում՝ քանի հոգի իրականում կա այս կամ այն կուսակցության մեջ:

Որոշ դեպքերում, երբ ակնհայտ է դառնում, որ օրենքի խախտումները զանգվածային են, ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա: Եթե. օրինակ, պատգամավորների և նախարարների զգալի մասը զբաղվում է բիզնեսով, բայց ստում է՝ ասելով, թե չի զբաղվում և հնարում է ինչ-որ «թզի տերևներ»՝ «հավատարմագրային կառավարման» կամ «զոքանչի անունով» սեփականության տեսքով, ապա պետք է վերացնել օրենքի այդ չգործող նորմը և գրել այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն պաշտոնյաների գործարար ակտիվությունը:

Եթե բացի 3-4 կուսակցություններից՝ ոչ ոք չի կարող «հավաքել» 5000 կուսակցական, ապա պետք է այդ պահանջը հանել՝ գտնելով կուսակցությունների խոշորացման այլ, բայց անպայման բնական մեխանիզմ: Մարդն ուզում է կոչվել կուսակցության նախագա՞հ՝ խնդիր չկա, թող բավարարի իր հավակնությունները: Թող ինքը, ի վերջո, հասկանա, թե որքան ծիծաղելի է իր վիճակը»,–գրում է թերթի խմբագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել