Քաղաքական վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ոչ իշխանական բևեռում ուժերի միջև առկա են տարաձայնություններ: Խորհրդարանի բոլոր խմբակցությունները տարաձայնություններ ունեն իրենց ոչ իշխանականների լիդեր հռչակած ԲՀԿ-ի հետ: Մասնավորապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ բացասական է տրամադրված ոչ իշխանականների գործունեության, ռազմավարության վերաբերյալ: Երեկ էլ հայտարարել էր նոր քաղաքական գործընթաց սկսելու մասին:
Ժառանգություն խմբակցության մոտեցումները Դուետի ռազմավարական քայլերի նկատմամբ վերջին շրջանում ակնհայտորեն փոխվել է: Դրա ապացույցը Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսն էր, որտեղ նա դժգոհել էր ոչ իշխանականների չհամաձայնեցված քայլերից:
Դե իսկ ոչ իշխանականների նախկին գործընկեր ՀՅԴ-ի մասին բազմիցս խոսվել է, սակայն փաստ է, որ վերջինս ևս երես է թեքել ոչ իշխանականներից:
Միակ խորհրդարանական ուժը Ազատ դեմոկրատներն էր, որի հետ դեռ տարաձայնություններ չուներ ոչ իշխանական Դուետը: Հիմա էլ հերթը հասել է Ազատ դեմոկրատներին, և նման վերաբերմունքը կբացառի ուժերի միջև հնարավոր համագործակցությունը:
Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հարցի քննարկման ժամանակ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը փորձեց որոշակի հարցեր ուղղել զեկուցողին, սակայն նիստը վարող ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե որպես նիստը վարող՝ իրավունք ունի ինքն առաջինը հարցեր ուղղել: Այսքանից հետո պատգամավորները վեճի են բռնվել, և Քոքոբելյանն ասել է, որ «Սա մանկապարտեզ չէ, այլ ԱԺ, թույլ տվեք մենք էլ հարցեր տանք…»:
Ամեն օր Դուետի տարբեր ներկայացուցիչներ պաթետիկ հայտարարություններ են հնչեցնում, որ համաժողովրդական շարժումը համալվում է նոր քաղաքական ուժերով: Հետաքրքիր է՝ ո՞ր քաղաքական ուժերի մասին են անընդհատ խոսում ոչ իշխանականները: Ինչպես տեսնում ենք՝ ստեղծված տարաձայնությունների ֆոնին քաղաքական դաշտի «լայն» կոնսոլիդացիան սահմանափակվում է միայն երկու-երեք հոգանոց կառույցների, միանձնյա հասարակական կազմակերպությունների, իրենց կշիռը կորցրած քաղաքական գործիչների համագործակցությունով, իսկ քաղաքական դաշտի առավել ազդեցիկ ընդիմադիր ուժերն օր օրի երես են թեքում ոչ իշխանականներից: Ստացվում է, որ նրանց բոլոր պաթետիկ կոչերն ու հայտարարությունները հակադարձ համեմատական են ներկայիս քաղաքական պրոցեսներին:
Եթե այս վերաբերմունքը «Ազատ դեմոկրատներ»-ի նկատմամբ շարունական բնույթ կրի Դուետում, ապա շատ շուտով «լուսանցքային մարգինալների» շարքերը կհամալրի նաև այս կուսակցությունը:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1506283282964866&id=100007496268749&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել