Tert.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործի քննության ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին:
Ռուբեն Բալոյանը նիստի ընթացքում հիշեցրեց, որ տուժող կողմը դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ Վարդան Պետրոսյանի սթափության զննության երկու արձանագրությունների միջև տարբերությունների պատճառների, ջնջումներ, ավելացումներ կատարված լինելու հանգամանքի պարզման համար: Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ պաշտպանական կողմը առարկել է միջնորդության դեմ, սակայն իրենց համար անընդունելի է մեղադրողի առարկությունը:
«Ավելին, դատաքննության ընթացքում տուժող կողմի մոտ աստիճանաբար ձևավորվեց կասկած առ այն, որ Վարդան Պետրոսյանի խմածության փաստը քողարկելու նպատակով պաշտպանական կողմի և մեղադրողի միջև ձեռք է բերվել համաձայնություն, որին համաձայնություն է տվել նաև դատարանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ դա է պատճառը, որ իրենք բացարկ են հայտնել մեղադրողին:
«Մինչդեռ, որպեսզի կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու փաստը ակնհայտ չլինի, պաշտպանը հայտարարեց, որ մեղադրողին բացարկ հայտնելը նախապես պայմանավորված էր: Ի՞նչ է ստացվում: Մի դեպքում մեղադրողը չի առարկում պաշտպանական կողմի միջնորդության դեմ՝ հնարավորություն տալով ստուգել մեղադրանքի հիմքում դրված ապացույցի ձեռքբերման օրինականությունը, այն փաստաթղթի օրինականությունը, որը ակնհայտ վիճարկվում է ձևական հիմքերով: Մյուս դեպքում մեղադրողն առարկում է տուժող կողմի նույնանման միջնորդության դեմ՝ չցանկանալով ստուգել քրեական գործում առկա Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունների ստացման օրինականությունը, փաստաթղթեր, որոնցում առկա տարբերություններն ակնհայտ են ու խոսուն, ուստի և մեղադրողի և դատարանի անտարբերությունը ևս մտածելու տեղիք է տալիս Սա է պատճառը, որ պաշտպանը խոսեց տուժող կողմի և մեղադրողի միջև պայմանավորվածության մասին: Դա միակ տարբերական էր՝ քողարկելու այն իրական պայմանավորվածությունը, որն ակնհայտ էր»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ