Ֆինանսական շուկայի խառնաշփոթ վիճակը հանգեցրեց հասարակ մահկանացուների համար սպասելի, իսկ ԿԲ-ի կողմից «վերահսկելի» արդյունքների։ Այսօր առավոտյան 10-15 տոկոսով թանկացան ներմուծվող ապրանքները, բնականաբար, մի քանի օրերի ընթացքում թանկացումներ կգրանցվեն տեղական ապրանքների պարագայում ևս։ Երեկ դեռ «մասնագետները» հանգստացնում էին ժողովրդին՝ հայտարարելով, որ գնաճը լինելու է սպասելի և կառավարելի իրենց կողմից, բայց դե չէին ասում, որ այն հասնելու է այս պայմաններում ահռելի թվի։ Բնական է, որ դրամի արժեզրկումը հենց սրան էլ բերելու էր, ինքան էլ որ հարգարժան «մասնագետները» բարդ նախադասություններով փորձեին արհեստականորեն հանգստության շղարշ ստեղծել կատարվածի քողի ներքո։ Ի վերջո, ազգաբնակչությունը խոստումներով չի սնվում, և գների բարձրացումն այսօր անմիջականորեն իրեն զգացնել տվեց։ Պայթեց նաև անգրագիտության գագաթնակետի հասնող միֆն առ այն, որ այսուհետ արտերկրից ուղարկված գումարները դրամի վերածելով՝ մարդիկ ավելի շատ բան կարող են գնել, քան առաջ։ Բա գնեցին, բա ո՞նց։ Քանի որ մեր գործարարներն էլ ապրանքների գները որպես կանոն բարձրացնում են ավելի շատ, քան կուրսի փոփոխությունն է պահանջում, կարելի է ենթադրել, որ հեքիաթային միֆը լրիվ հակառակ էֆեկտ կունենա։ Կեցցեն ֆինանսական շուկայի արհեստավարժ «մասնագետները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել