Life.panorama.am-ը գրում է․

Պատահում է, որ հիասթափվում եմ, բայց կյանքն առանց դրա հետաքրքիր չի լինի. Հրաչուհի Ութմազյան

Երիտասարդությունը հնարավորություն է ընձեռում մեկտեղել այն ամենն, ինչ սիրում ես, ինչը կարող ես կատարելագործել և ինչում ինքդ կատարելագործվել: Հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանը, կարծեք թե, ամենուր է. հեռուստատեսություն, ամսագիր, բեմ: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը, ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սպիտակ անկյուն» հաղորդման հաղորդավարուհին, նաև ասմունքող ու գեղեցիկ հայուհին:

-Հրաչուհի, այժմ արդեն նաև Աբել Աբելյանի «Casting school»-ում խոսքի վարպետություն եք դասավանդում: Հեշտությա՞մբ եք «լեզու գտնում» պատանի ապագա հաղորդավարների հետ:

-Կարծում եմ՝ այո: Սա իմ առաջին փորձը չէ, ինքս երկու տարի դպրոց ունեցել եմ, պարզապես ժամանակի սղության պատճառով գործունեությունը դադարեցրեցի: Ես իմ աշխատանքը մեծ հաճույքով եմ կատարում:

-Իսկ Ձեր դպրոցը վերականգնելու նպատակ չունե՞ք:

-Այժմ՝ ոչ: Դա բավականին մեծ ու պատասխանատու աշխատանք է, որին հենց այնպես վերաբերել չի կարելի: Դրան պետք է լիովին նվիրվես: Իսկ իմ ժամանակը այդքան չի բավարարի:

-Հրաչուհի, ընդհանրապես, երբ քեզ հարազատ, կամ համապատասխան գործ ես գտնում, այլևս երկրորդի կամ երրորդի ձգտում չես ունենում: Հոգո՞ւ պահանջ է, որ որոշել եք մի քանի աշխատանք միատեղել:

-Սա կյանք է, որն ինքս ինձ համար եմ ստեղծել և սիրում եմ: Այն բոլոր բնագավառներում, որտեղ այսօր ես կամ, կարողանում եմ ինձ դրսևորել: Դրանք իմ արտահայտման միջոցներն են: Ես դրանցից որևէ մեկից հրաժարվել չեմ ցանկանում, որովհետև ինձ համար հավասարապես հարազատ են:  

-Հետևելով Ձեր գործունեությանը, կարելի է ենթադրել, որ բնույթով շփվող մարդ եք:

-Այդպես են ասում (ծիծաղում է):

-ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սպիտակ անկյուն» հաղորդման շրջանակներում հյուրերն անկեղծանում են Ձեր ներկայությամբ: Հեշտությա՞մբ է հաջողվում նրանց անկեղծացնել:

-Իսկապես, «Սպիտակ անկյունն» այսօր դարձել է այնպիսի մի վայր, որտեղ գալով՝ հյուրերն արդեն իսկ գիտեն, որ պետք է անկեղծանան, խոսեն այնպիսի թեմաների շուրջ, որոնց մասին մինչ այդ լռել են կամ քիչ խոսել: Դե, երևի ստացվում է, որ խոսում են:

-Իսկ հաղորդման ընթացքում մութ անկյուններ բացվո՞ւմ են Ձեզ համար:

-Ինքս ինձ համար մարդկանց նորովի եմ բացահայտում, բայց այդ բացահայտումը լինում է երկուստեք՝ և՛ իմ, և՛ հեռուստադիտողի կողմից:

-Որպես ասմունքող, Ձեզ ո՞ւմ գործերն են ավելի հոգեհարազատ:

-Մեծամասամբ բոլոր այն պոետների գործերը, որոնց բանաստեղծությունները ես հնչեցնում եմ: Յուրաքանչյուր բանաստեղծություն անցկացնում եմ իմ միջով, դրանցից ամեն մեկի մեջ գտնում եմ ինձ, դրանք կամ այն են, ինչ ապրում եմ, կամ այն, ինչ ապրել եմ ու զգացել: Մինչև իմ միջով չանցնեն, չեմ կարողանա անկեղծորեն փոխանցել հանդիսատեսին:

-Գիտեմ, որ երաժշտական կրթություն ևս ունեք, երկար ժամանակ զբաղվել էլ երաժշտությամբ: Ինչպե՞ս եղավ, որ Ձեր գործնական զբաղվածության մեջ այն չներառեցիք:

-Ճիշտ է, հաճախել եմ, բայց դա այնքան էլ իմը չէ: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի նրանով, ինչը կարող է լավագույնս մատուցել:

-Ֆեյսբուքյան Ձեր էջում՝ շնորհավորելով տատիկին՝ Հրաչուհի Ջինանյանին, նշել էիք, որ նրանից ժառանգել եք նաև ուժեղ բնավորություն: Բնավորության ուժը որտե՞ղ է զգացվում:

-Կարծում եմ, մարդը պետք է ուժեղ բնավորություն ունենա ամենուր՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում և անձնական կյանքում: Չես կարող ասել, այն քեզ երբ պետք կգա: Անհրաժեշտության դեպքում, եթե չլինի, առաջ շարժվել չես կարողանա:

-Իսկ ուժեղ բնավորությունը Ձեզ երբեմն չի՞ խանգարում:

-Ոչ, երբեք:

-Այդքան զբաղված լինելով՝ չի՞ դժվարանա անձնական կյանքը դասավորելու հարցը:

-Մեկը մյուսի հետ կապ չունի: Ուղղակի այս պահին իմ կյանքն այսպես հագեցած է դասավորվել, բայց երբ իմ կյանքում հայտնվի ՆԱ, ես, անպայման, կգտնեմ ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել