Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ հարցազրույցում ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների ու միջադեպերի սկզբնապատճառ է համարում այն, որ Ադրբեջանը հետագայում հրաժարվեց շփման գծից հրադադարի փաստաթղթով նախատեսված զորքերի ու զինուժի հետ քաշումից և ավելին՝ հետագայում դրանք առաջ քաշեց: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությանը, որ հայկական կողմը չի կարող օգտագործել ԼՂ օդային տարածքը, ապա պաշտոնաթող դիվանագետն ասում է, որ վաղուց կորցնելով Լեռնային Ղարաբաղի և ամբողջությամբ մերձակա 5 և մասնակի 7 շրջանների ցամաքային տարածքի վրա վերահսկողությունը, Ադրբեջանը հռչակում է, թե իբր անձեռնմխելի է այդ տարածքների օդային տարածքը, ինչը շատ կասկածելի ռևանշ է:
-Պարո՛ն Կազիմիրով, որպես ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի նախկին համանախագահ ինչպե՞ս եք գնահատում ինչպես ուղղաթիռի խոցման փաստը, այնպես էլ Ադրբեջանի պահվածքը դրան հաջորդած օրերին, երբ ուղղակի հրաժարվում էին վերադարձնել զոհված անձնակազմի մարմինները, մինչև որ հայկական կողմը, պարտադրված, չդիմեց հատուկ գործողության, որպեսզի վերադարձնի զոհվածների մարմինները:
- Չեմ ցանկանում մեկնաբանություններ անել հատուկ նշանակության գործողության մասին, սա թող մնա այն կողմի խղճի վրա, որը չէր թողնում, որպեսզի զոհվածների մարմինները վերադարձվեն:
Ցանկանում եմ խոսել այլ բանի մասին: Մասնավորապես, թե որո՞նք են շփման գծում նման միջադեպերի պատճառները: Պատճառները, կարծում եմ, մի քանիսն են, բայց, այսուհանդերձ, կան նաև սկզբնապատճառներ, առանց որոնց նման դեպքերը տեղի չէին կարող ունենալ: Եվ հենց այդ սկզբնապատճառներն են, որ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն ՝լինելով ոչ թե հատվածական, դիպվածային բնույթի, այլ՝ կազմելով հիմնախնդրի բուն էությունը: Խնդիրն ինչո՞ւմն է. բանն այն է, որ երբ Ռուսաստանի միջնորդությամբ կնքվում էր զինադադարի պայմանագիրը, նախապես ոչ միայն նախատեսվում էր, այլև ստորագրվել էր փաստաթուղթ, որով կողմերը պայմանավորվում էին, որ երկուստեք հետ կքաշեն իրենց ուժերը շփման գծից: Սա մի հարց է, որը խնդիր է նաև Ուկրաինայում. հետ քաշել զինվորական տեխնիկան, հատկապես ծանր սպառազինությունները շփման գծից՝ պահպանելու, իրապես պահպանելու համար հրադադարը: Եվ ցավոք, կողմերից մեկը, ենթադրում եք, թե որը, դրժեց իր խոստումը՝ չնայած առկա էր ստորագրություն՝ իր երկրի պաշտպանության նախարարի մակարդակով: Եվ հետո էլ հրաժարվեց իր ուժերը հետ քաշելուց: Այդ իսկ պատճառով, կողմերի դիրքերը միմյանց շատ մոտ մնացին, իսկ ավելի ուշ՝ մի քանի տարի անց այդ կողմը իր այս նույն դիրքերը մոտեցրեց հայկականներին: Այսինքն՝ հակառակը, ավելացավ նման միջադեպերի հավանականությունը, անգամ՝ ինքնաբուխ: Էլ չեմ խոսում այն միջադեպերի մասին, որոնք դիտավորյալ, միտումնավոր էին ծագում:
Եվ հենց է սա է կատարվածի սկզբնապատճառը: Եթե տեղի ունեցած լիներ շփման գծից ուժերի հետ քաշումը, ծանր սպառազինությունները, այդ թվում զենիթային համակարգերը կլինենին որոշակի հեռավորության վրա և նման միջադեպ ուղղակի տեղի չէր ունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



