Araratnews.am-ը գրում է․
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։
Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան: Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։
Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծեց. «Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»:
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրեց այցելել Հայաստան։
Նույն օրը տեղի Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի ունեցավ Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Հանդիսությանը ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնը։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով հայ-շվեդական հարաբերությունների անցյալին և ներկային, ասաց.
«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում` նշանավորելու հայկական դեսպանության պաշտոնական բացումը, մենք արտահայտում ենք մեր ձգտումը` նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:
Չնայած այն հանգամանքին, որ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 22 տարի առաջ, կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից: 16-17 դարերում Արևելքը Շվեդիային կապող առևտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»: Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



