Ճանաչիր ինքդ քեզ. դա այնքան հեշտ է

Cosmo.am-ը գրում է․

Ֆրոյդի հետևորդները սիրում են վերլուծել յուրաքանչյուր պատահական ասված խոսք և յուրաքանչյուր երազ` փորձելով սողոսկել ենթագիտակցության խորքերը: Սակայն ոչ միշտ է հարկավոր նման ջանասիրություն գործադրել` սեփական անձի մասին որևէ կարևոր բան իմանալու համար:

Բավական է ուշադիր դիտարկել որոշ մակերեսային փաստեր, և կտեսնես մանրուքներ, որոնք սովորաբար չես նկատում: Այս պարզունակ թեստն անցնելով` նորովի կբացահայտես ինքդ քեզ:

1. Հիշիր վերջին հաճոյախոսությունը, որը քեզ համար անսպասելի էր: Ինչի՞ն էր այն վերաբերում

Ա. Արտաքնին
Բ. Քաջությանը, խիզախությանը, վճռականությանը
Գ. Քո հմտություններին և ունակություններին
Դ. Քո խոսքերի, ծառայությունների, օժանդակության կարևորությանը

Երբ շրջապատն անսպասելի արձագանք է տալիս քո արարքներին, դա ստիպում է քեզ մտածել, թե դու քո մասին ինչ-որ բան չգիտես: Իսկ անսպասելի հաճոյախոսությունը թույլ է տալիս ենթադրել, որ դու իսպառ մոռացության ես մատնել «տաղանդներիցդ» որևէ մեկը: Օրինակ, եթե ընտրել ես Ա պատասխանը, ուրեմն, դու մեծապես թերագնահատում ես քո արտաքին գրավչությունը հագուստի նույնիսկ աննշան թերացման դեպքում, որը ոչ ոք չի նկատում: Բ պատասխանը հատուկ է այն մարդկանց, որոնք թվացյալ խիզախության պակասի պայմաններում իրականում արիությամբ լի արարքների են ընդունակ: Գնահատիր քո ձեռքբերումները և քեզ մի խարազանիր կասկածամտության համար. դու ունես դրա իրավունքը: Գ պատասխանին հակված են նրանք, ովքեր իրենց հաճախ համեմատում են իդեալի հետ, օրինակ` իրենց մոր, որը հիանալի է պատրաստում: Դու որևէ մեկին նմանվելու կարիք չունես. դու արդեն գտել ես քո ոճը: Դ պատասխանը սովորաբար տալիս են մարդիկ, որոնք չափազանց քննադատաբար են վերաբերվում շփվելու իրենց ունակությանը: Եթե դու ունես բացասական էմոցիաներ և վատ մտքեր, դա դեռ չի նշանակում, որ դու լավ ընկերուհի, լավ դուստր և օրինակելի աշխատակից չես:

2. Ո՞րն է քո կուռքի (դերասանուհու, երգչուհու, վերադասի) ամենավառ հատկանիշը

Ա. Նա գեղեցկուհի է
Բ. Նա զրոյից հասել է ամեն ինչի
Գ. Նա յուրօրինակ է և նման չէ որևէ մեկին 
Դ. Նա հեշտությամբ է հաղթահարում բոլոր արգելքները

Սովորաբար մեր կուռքն այն մարդն է, ով օժտված է այնպիսի հատկություններով, որոնց մասին մենք երազում ենք: Պարզ ասած` նրա հաջողությունները մեր բարդույթներն են: Նրբին կազմվածքով տղաները սիրում են դիտել առանց կանոնների մարտեր, իսկ թմբլիկ աղջիկներին դուր են գալիս «կիսաթափանցիկ» դերասանուհիները: Պատասխան Ա-ն վկայում է այն մասին, որ դու չափից դուրս կենտրոնացած ես արտաքնի վրա և խնդիրներիդ մեծ մասը կապում ես դրա հետ: Մտածիր սեփական ոճդ գտնելու մասին, նույնիսկ առանց անթերի արտաքին ունենալու: Բ պատասխանն ավելի հաճախ տալիս են մարդիկ, որոնք խիզախության պակաս են զգում: Գ պատասխանին հակված են իրենց շարքային համարող մարդիկ, իսկ Դ պատասխանը տալիս են մարդիկ, որոնք երազում են ինքնուրույնության մասին:

3. Ինչպիսի՞ պայուսակներ ունես դու:

Ա. Ունեմ մեկ պայուսակ, որը հարմար է ամեն ինչի հետ
Բ. Ունեմ մի քանի պայուսակ, և անընդհատ ինչ-որ իր մոռանում եմ տեղափոխել մեկից մյուսի մեջ
Գ. Բոլոր անհրաժեշտ պարագաներս դիմահարդարման պայուսակիս մեջ եմ պահում, որն էլ փոխադրում եմ պայուսակից պայուսակ. շատ հարմար է
Դ. Գերադասում եմ ուսապարկը

Պայուսակը շատ անձնական իր է. այն բնութագրում է ոչ այնքան տիրուհու կենսակերպը, որքան նրա վերաբերմունքն ինքն իրեն և իր գրավչությանը: Ունիվերսալ տարբերակը գնահատում են նրանք, որոնք իրենց առաջին հերթին դիտարկում են որպես գործառնական միավոր, այլ ոչ թե` ցանկալի կին: Բ տարբերակն ընտրում են կանայք, որոնք հետևում են իրենց և ցանկանում են գրավել տղամարդկանց ուշադրությունը: Գ` այդպես վարվում են ռացիոնալ կանայք, որոնց համար գրավիչ լինելն աշխատանք է, ներքին անհրաժեշտություն: Իսկ ահա Դ տարբերակը վկայում է այն մասին, որ աղջկան հետաքրքրում են այլ բնույթի խնդիրներ, այլ ոչ` տղամարդկանց հետ փոխհարաբերությունները:

4. Հետևյալ իրերից որո՞նք են ավելի հաճախ հանդիպում քո պայուսակում (կարող ես ընտրել մի քանի պատասխան)

Ա. Կտրոններ, կոնֆետի թղթեր, անպետք իրեր
Բ. Հուշանվերներ
Գ. Փող` ամենաանսպասելի գրպանիկներում
Դ. Տարբեր իրեր, որոնք անընդհատ պատրաստվում ես նվիրել, վերադարձնել ընկերներից մեկին

Նրանք, ովքեր դեն չեն նետում անպետք մանրուքները, նույն կերպ են վերաբերվում նաև իրենց ցավ պատճառող ծանոթություններին. չեն ձերբազատվում տհաճ կապերից: Հուշանվերները վկայում են մերձավորների օժանդակության անհրաժեշտության մասին: Փողի անկանոն և ցաքուցրիվ վիճակը վկայում է ծախսերի պլանավորման անկարողության մասին: Իսկ ահա «գտնված իրերի բյուրոն» պայուսակում վկայում է այն մասին, որ անընդհատ քեզ վրա ես վերցնում տհաճ պարտականություններ և դրանք իրագործելու ուժ չես գտնում քո մեջ:

5. Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը, երբ ինտերնետ կայքերից մեկում կամ մտերմուհուցդ ստացած հաղորդագրությունում հանդիպում ես նման տեքստի. «Այսինչ աստղը գիրացել է, անհաջող պլաստիկ վիրահատություն է արել. եթե ուզում ես դիտել, այցելիր հետևյալ կայքը»

Ա. Միանգամից այցելում ես` նկարներով «հիանալու»
Բ. Անուշադրության ես մատնում
Գ. Վրդովվում ես, որ ինչ-որ մեկին հետաքրքիր է նման դատարկաբանությունը
Դ. Ոչ միայն կնայես նկարը, այլև կընթերցես հարակից տեքստը

Այս հարցը բնութագրում է քեզ սեքսուալ գրավչության ինքնագնահատականի տեսանկյունից. ինչպե՞ս ես արձագանքում այն կանանց տհաճություններին, որոնց բոլորս նախանձում ենք. արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ մեր տղամարդիկ առնվազն մեկ անգամ երազում են հայտնվել նրանց անկողնում:Եթե հաճույք ես ստանում` տեսնելով աստղին կնճռոտված կամ ցելյուլիտով` պատասխան Ա և Գ, ապա վստահ չես սեփական ցանկալիության մեջ: Իսկ ահա անուշադրության կմատնի նա, ով ազատ է բարդույթներից: Վրդովմունքը դուրս մղված հետաքրքրության հակազդեցությունն է: Դա վկայում է այն մասին, որ դու հակված ես թաքցնել սեփական բարդույթներդ նույնիսկ ինքդ քեզանից:

6. Ի՞նչ ես հագնում տանը, երբ մենակ ես

Ա. Նուրբ պենյուար մերկ մարմնին
Բ.Գիշերազգեստ կամ լողախալաթ
Գ. Ջինս և վերնաշապիկ
Դ. Որևէ հին հագուստ, որ չես ափսոսում

Այն, թե ինչպիսին է մեր տեսքը, երբ պաշտպանված ենք կողմնակի հայացքներից, վկայում է մեր ինքնագնահատականի մասին: Էրոտիկ ներքնազգեստով տանը պտտվում են այն աղջիկները, որոնք իրենց գեղեցիկ են համարում և վստահ են, որ արժանի են ավելիին: Բ պատասխանը տվողները գտնում են, որ իրենց հանդեպ պահանջները շատ մեծ են դրսում և փորձում են պնդել անձնական կյանք ունենալու իրենց իրավունքը: Ջինսերը և նման ազատ ոճի այլ հագուստ կրողները համաչափ ինքնագնահատական ունեն, իսկ ահա տձև շապիկներ և խայտառակ զուգագուլպաներ կրողների ինքնագնահատականը խիստ ցածր է, նույնիսկ եթե նրանք հասարակության մեջ անթերի տեսք ունեն:

7. Սոցիալական ցանցերում, օրինակ` Facebook-ում, քո ավատարին ի՞նչ է պատկերված

Ա. Քո լուսանկարը
Բ. Մեկ այլ անձի լուսանկար օր.` որևէ դերասանուհի` սուպերհերոսուհու դերում
Գ.Աբստրակտ նկար` ծաղիկ, բնանկար
Դ. Էրոտիկ լուսանկար (կարևոր չէ քոնը, թե ուրիշինը)

Օգտագործողի նկարը փաստացիորեն ինքնաներկայացում է: Այն ցույց է տալիս, թե որքանով ես ուզում ներկայանալ աշխարհին: Լուսանկար դնում են նրանք, ովքեր սիրում են բաց շփում և չեն տառապում սոցիոֆոբիայով (վախ մարդկանցից): Բ տարբերակը խոսում է ինքնավերլուծության հակվածության մասին: Անդեմ նկարներն ընտրում են ինքնամփոփ մարդիկ, որոնք հակված չեն առաջին քայլն անել հարաբերություններում: Էրոտիկ ավատարներ ընտրում են միայնակ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն հակառակ սեռի հետ շփումներում:

8. Վերջին հանդիպումը, որին դու չես ներկայացել «ոչ քո մեղքով, այլ որովհետև այդպես են դասավորվել հանգամանքները», հանդիպում էր

Ա. Բարեկամների հետ
Բ. Ընկերուհիների հետ
Գ. Գործընկերոջ հետ
Դ. Տղամարդու հետ

Որքան էլ ինքդ քեզ հակառակը համոզես, միևնույն է` դու երբեք բաց չես թողնի այն հանդիպումները, որոնց իսկապես ցանկանում ես ներկա գտնվել: Վատթարագույն դեպքում դրանք կտեղափոխես մոտ ապագա: Հանգամանքները և դրանք հաղթահարելու անհնարինությունը, որպես կանոն, հորինված պատճառներ են` ինքդ քեզ և դիմացինին չնեղացնելու համար: Իրականում, դու պարզապես չես ցանկանում ներկա լինել այդ հանդիպմանը: Մտածիր` ինչն է խանգարում քեզ: Վիրավորվածությունը բարեկամներից կամ տղամարդո՞ւց: Հիասթափությունը ընկերուհո՞ւց: Հոգնածությունը աշխատանքի՞ց, թե՞ նոր պարտավորություններ չվերցնելու ցանկությունը:

9.Քո ընտանիքը հաճա՞խ է փոխել բնակավայրը քո մանկության տարիներին

Ա. Մենք առհասարակ չենք փոխել բնակության վայրը
Բ.Մեկ անգամ
Գ. Փոխել ենք բնակարաններ քաղաքի ներսում
Դ. Հաճախ ենք փոխել բնակավայրը և քաղաքը

Կայուն բնակության վայրն օգնում է կայուն կապեր հաստատել մարդկանց հետ, արմատավորվել: Սովորաբար Ա և Բ տարբերակն ընտրողներն ավելի կայացած մարդիկ են, իսկ ահա նրանք, ովքեր ընտրել են Գ կամ Դ տարբերակը, ավելի հեշտ են նոր ծանոթություններ հաստատում, սակայն կայուն կապվածություն դժվարությամբ են ստեղծում` մտերիմ մարդուն կորցնելու ենթագիտակցական վախից:

10. Ինչպե՞ս կվարվես, եթե աշխատանքային օրվա ընթացքում ընկերուհիդ «երջանկության նամակ» ուղարկի, որը պետք է ուղարկել տասը ծանոթների

Ա. Կուղարկեմ առաջին պատահած մարդկանց
Բ. Ոչ ոքի չեմ ուղարկի, կջնջեմ
Գ. Ընկերուհուս կգրեմ, որ նրանից նման հիմարություն չէի սպասում
Դ. Չեմ հիշում` ինչ էի անում նման հաղորդագրությունների հետ

Այս կետը ցույց է տալիս մեզ վրա դրված պարտականությունների հանդեպ մեր վերաբերմունքը: Ա պատասխանը վկայում է այդ հարցի հանդեպ թեթև մոտեցման մասին: Դու չես ամաչում որևէ բան խնդրել, և քեզ հեշտ է որևէ մեկի հանձնարարությունը կատարել, սական կարող ես և հեշտությամբ մոռանալ այդ մասին: Բ պատասխանը տվողները շատ լուրջ են վերաբերվում ցանկացած խնդրանքի: Նրանք ավելորդ բան չեն պնդի, սակայն իրենց սեփական խոստումները կատարում են միշտ: Պատասխան Գ-ն խոսում է այն մասին, որ դու եսակենտրոն մարդ ես և ուշադիր հետևում ես, թե ում և որքան ես պարտք: Իսկ Դ-ն նշանակում է, որ դու դժվարությամբ ես մերժում որևէ բան և հակված ես ժամանակ ձգել, երբ որևէ տհաճ գործ քեզ է սպասում:

F

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել