Tert.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ տեղի է ունեցել դրամի փոխարժեքի ճշգրտում: Իսկ թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ գնաճի վրա, նշեդ, որ ԿԲ-ն գնաճային մեծ ռիսկեր չի գնահատում, տարեվերջին ու հաջորդ տարի գնաճի տատանումները լինելու են թույլատրելիի միջակայքում, որը սահմանված է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրով:
«Այս առումով մենք էական ռիսկեր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ֆինանսական կայունությանը, ևս մեծ ռիսկեր չենք նկատում: Ուզում եմ նաև հանրությանը հավաստիացնել, որ այս ամբողջ գործընթացը գտնվում է ԿԲ հսկողության ներքո, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրամի կայունություն լինի: Բացառելու ենք սպեկուլյատիվ դրսևորումները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի միջազգային պահուստները հնարավորություն են տալիս ապահովել դրամի կայունությունը:
Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում գրանցվել է դրամի շեշտակի արժեզրկում, ինչի շուրջ Արմենակ Դարբինյանը նշեց, որ Ճիշտ կլինի օգտագործել դրամի փոխարժեքի ճշգրտում տերմինը, քանի որ այդ հանգամանքը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող և ազգային արժութային շուկայի վրա ազդող գործոններով:
«Առաջին հերթին արտաքին գործոններն են՝ պայմանավորված մեր գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումներով, հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակներով: Ռուսաստանի հետ մեր տնտեսությունը մեծապես կապված է, և, բնականաբար, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չազդել մեզ վրա»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ