Newmag.am-ը գրում է.
Դաղձ, անանուխ… Տարբեր անվանումներով հայտնի այս բույսի վերգետնյա մասը եթերայուղ է պարունակում` ամենաշատը 4-6 տոկոս, ծաղիկների մեջ: Դեռևս միջնադարում կարծիք կար, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Դաղձի եթերայուղը ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմելու եղանակով: Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ բրազիլական դաղձն, օրինակ, համարժեք է առաջատար դեղագործական ցավազրկողների ազդեցությանը:
Բուժման նպատակով օգտագործում են դաղձի տերևները` ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով: Դաղձն ունի հանգստացնող, ցավազրկող, անոթալայնիչ, հակաբորբոքային հատկություններ: Այն օգտակար է մարսողական համակարգի խանգարումների ժամանակ: Դաղձը նվազեցնում է ստամոքսում գազերի առաջացումը, օգնում է լուծի դեպքում, օրգանիզմից հեռացնում է լեղին: Այդ իսկ պատճառով դաղձը կիրառվում է լյարդի մաքրման և լեղապարկից քարերի դուրսբերման նպատակով:
Դաղձը օգտագործվում է նաև բարձր ջերմության, տենդի և մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների` անգինայի, ֆարինգիտի ժամանակ` որպես քրտնաբեր միջոց:
Սրտանոթային խնդիրներ ունեցողները հավաստիացնում են, որ դաղձը հանգստացնում է սրտխփոցները, գլխացավը, նպաստում անոթային ճնշման իջեցմանը: Հիանալի միջոց է միգրենի կանխարգելման համար: Ապացուցված է նյարդային համակարգի վրա դաղձի հանգստացնող ազդեցությունը: Այն նպաստում է ուղեղի աշխատանքի բարելավմանը, օգնում է ազատվել անքնությունից: Դաղձի ջրային թուրմն օգտագործում են բերանի խոռոչը ողողելու համար` որպես շնչառությունը թարմացնող, բակտերիաները վերացնող, բորբոքային պրոցեսները բուժող միջոց:
Կարծիք կա նաև, որ դաղձն օգնում է նիհարել: Պետք է ձեռքի տակ միշտ դաղձ ունենաք, որպեսզի 2 ժամը մեկ թարմ դաղձի բույրը շնչեք: Սննդաբանների խոսքով, այն ձեզ կօգնի օգտագործել 23%-ով քիչ կալորիաներ, քան սովորաբար: Թարմ դաղձի փոխարեն` կարելի է օգտագործել նաև դաղձի յուղ:
Դաղձն օգտակար է դեմքի մաշկի խնամքի համար: 1 ճաշի գդալ չորացրած դաղձը կամ 3 ճաշի գդալ թարմ դաղձը թրմեք 250մլ եռացրած ջրով առնվազն 30 րոպե: Թուրմից սառցե խորանարդիկներ պատրաստեք և օգտագործեք դեմքը մաքրելու համար: Այն օգնում է մաշկի գրգռվածության և քորի դեպքում, թարմացնում է մաշկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



