Tert.am-ը գրում է․
Նոյեմբերի 24-ին մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին
հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։
Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան: Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։
Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է. «Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»:
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրել է այցելել Հայաստան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



