Newmag.am-ը գրում է․
Հարցազրույցներ newmag-ի համար, և իմ զրուցակիցը մի հիանալի դերասանուհի է, ում միշտ ուրախ եմ հանդիպել հենց իմ նկարահանման հրապարակում: Ինչո՞ւ Յորք:
Չսպասված հարց էր: Այնպես ստացվեց, որ ամուսինս` Արման Գևորգյանը ֆիլմերը նկարահանում էր նաև դրսում, և անհրաժեշտ էր ազգանունս փոխել, որովհետև նկարահանվում էի նաև ես: Որ միանգամից հայկական չհնչի և մինչև քասթինգը մարդկանց մոտ ցանկություն առաջանա նկարդ նայելու, մտածեցինք, որ Յորքն ավելի հետաքրքիր տարբերակ է:
Ֆրիդա Յորքն է իմ հյուրը, և շնորհակալություն, որ այս պահին այստեղ ես: Իսկ արդյոք դա կոմպլեքս էր, որ հնարավոր է, թե հայերս այլ երկրում չենք կարող կայանալ:
Չեմ կարծում, դա զուտ բեմական անուն է: Շատ-շատ անվանի հայեր կան, որ այլ անունով են ներկայանում` Սիամանթո… ինչ խոսք, չեմ համեմատվում, բայց ուզում եմ ասել, որ դեռ վաղուց անում էին այդպես:
Արման Գևորգյանը մեկն է, ով հայկական դպրոցը կրելով, դուրս եկավ Երևանից և այսօր գործում է ԱՊՀ տարածքում, բայց, ով գիտե, գուցե շատ շուտով նաև Եվրոպայում կամ կինոինդուստրիալ Հոլիվուդում: Դու զգո՞ւմ ես Արմանի մասնագիտական ճնշումը քեզ վրա:
Ճնշումը հնչում է ավելի վատ, բայց եթե այդպես անվանենք, դրան միայն դրական տեսանկյունից պիտի նայել: Ես, որպես դերասանուհի, երբեք չեմ սպասում ինչ-որ դերի, երբեք չեմ փորձում պահանջել, դա ստեղծագործական պրոցես է, և եթե ես հարմար կլինեմ այդ դերի համար, մենք շատ ազատ ենք ստեղծագործում:
Կարո՞ղ է օրինակ Արմանին սուրճ տալու ժամանակ հարցնես` կարո՞ղ է ինձ համար մի դեր ունենաս:
Եթե հարցնեմ` միմիայն կատակով:
Իսկ Արմանն այդ կատակն ինչպե՞ս է ընդունում, քո կարծիքով քանի՞ տոկոսն է ընկալում ոչ որպես կատակ:
Դե գուցե նա երբեմն դա ընկալում է ոչ որպես կատակ, քանի որ նա կարծում է, որ որպես դերասանուհի արժանի եմ դերերի և երբեմն նկատում եմ, որ նա կցանկանար ինձ համար դա անել, բայց երբ որ դա նկարահանվում է ռուսական շուկայի համար և գլխավոր դերում պիտի լինի Սվետլանա Խոդչինկովան, որովհետև նրան գնալու են նայելու, իսկ ինձ ոչ ոք չի ճանաչում, դա շատ բարդ խնդիր է:

Հիմա շատ խոսվում է այն մասին, որ անկախ մեր կամքից կամ մտածված ինտեգրվում ենք ռուսական շուկային, Մաքսային միություն և այլն: Քո կարծիքն եմ ուզում իմանալ, արդյոք հնարավոր է դու լինես մի օր Ռուսաստանում, ու դա կլինի ինտեգրացիայի մի մասը:
Ես անգամ չէի ուզի որ Արմանը գնար այնտեղ աշխատելու: Շատ ավելի լավ կլիներ, որ այստեղ կինոարտադրությունը լիներ այնքան բարձր աստիճանի վրա, որ այստեղ նա դրսևորվեր և ոչ թե հրավերով գնար: Թող այստեղ կարողանանք նկարել լավ ֆիլմ: Իսկ դա կնպաստի, թե ոչ, չեմ կարող ասել:
Դու քեզ այստեղ լա՞վ ես զգում:
Ես ինձ լավ եմ զգում այնքանով, որքանով իմ պահանջարկը` որպես ստեղծագործող, կա: Դերասաններն իրենց տեսակով այնպիսին են, որ միշտ ինչ-որ բանով լի են: Եթե նրանց որոշ ժամանակ ոչինչ չեն տալիս, նրանք կարծես հիվանդանում են: Չեմ կարող ասել` հիմա այդպես է: Ինչու չէ՞, գոնե մեր երկրում տարեկան մի ֆիմլում նկարահանվելն արդեն իսկ մեծ բան է: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ կարողանում եմ ինչ-որ կերպ ինձ ցույց տալ: Ես Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետն եմ ավարտել: Հիմա եկել եմ մի կետի, որ ցանկություն ունեմ ինքս ինչ-որ բան բեմադրելու:
Իսկ ի՞նչ է սպասվում:
Հաճախ դերեր ես ստանում, որոնք չեն համապատասխանում քեզ, և դու ուզում ես դրա մասին ասել: Դրա սովը ինձ ստիպեց ինչ-որ բանի անցնել ու հիմա ես բեմադրում եմ Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պատմվածքը: Մի շարք փոփոխություններ եմ արել. ու դարձել է մի հետաքրքիր գործ: Դեկտեմբերին կլինի պրեմիերան:
Բուհն ավարտելուց հետո, կարծես թե, սա քո առաջին փորձն է:
Այո, ավարտելուց հետո անմիջապես ամուսնացա, ու այդ սերը նվիրում էի ընտանիքիս, բալիկիս: Հիմա, կարծես թե, պահանջ կա նաև այլ բան անելու, ու տղաս էլ ինձ թույլ է տալիս: Հիմա հասունացել է այդ պահը:
Ինչպիսի՞ն պիտի լինի հայ հասարակության մեջ ապրող դերասանուհու կենսակերպը, որպեսզի լինի այնպիսին, ինչպիսին դու ես: Դա արտասահմանում աշխատող ամուսնու օգնության շնորհիվ է:
Ինչ խոսք, այդ օգնությունը կարևոր է: Կան բաներ, որոնք քեզ համար ավելի հեշտ են դառնում:
Շատ կենցաղային խնդիրների մասին եմ խոսում: Ֆինանսական և այլն և այլն: Ունե՞ս նման խնդիր, թե՞ ոչ:
Չունեմ, որովհետև ունեմ ամուսին, որն ինձ օգնում է: Մեջքիս կանգնած է այս ներկայացման դեպքում: Այն ի սկզբանե չունի կոմերցիոն բնույթ, և շատ դժվար կլիներ գումար հայթայթել: Դրա համար ես անում եմ այն, ինչ իմ ներսում է, և մարդկանց հրավիրելու եմ ներս:
Սա հիանալի օրինակ է երբ մարդ մի բան է ուզում անել իր մասնագիտության մեջ: Այսինքն` մինչև ես չանեմ դա, ցույց չտամ, թե ով եմ, իրավունք չունեմ ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջել:
Պատկերացրեք` ինչ-որ մի դերասան թակի ձեր դուռն ու ասի, որ հանճարեղ դերասան է ու իրեն դեր է պետք:
Դերասանի պարագայում մի քիչ այլ է:
Դե այո, բայց եթե դու ոչինչ չունես ցույց տալու, ներկայանալու, դա շատ բարդ կլինի: Ոչ ոք գումար չի տա ու ասի, թե ինչ ուզում ես, արա:

Իսկ ի՞նչ դեր ունի պլաստիկան այն ամենի մեջ, ինչ դու անում ես:
Երբ դու սովորում ես մարդկանց հետ խոսել մարմնի միջոցով, դու այլևս դրանից հրաժարվել չես կարողանում: Դա ես հիվանդություն եմ համարում: Ինձ գրավում է եվրոպական թատերվեստը, որտեղ բոլոր դերասանուհիները տիրապետում են իրենց մարմիններին այնպես, ինչպես որ խոսքին: Ջուլիետ Բինոշը 52 տարեկանում կարող է այնպիսի ներկայացման դուրս գալ ու պարել, որ խոսքեր չես կարող գտնել: Շատ անգամ ընկալում են որպես դերասանուհի ու փակում են այդտեղ, չեն ուզում ավելի խորը նայել, որ դու նաև դերասանուհի ես ու ուզում ես և կարող ես առաջ գնալ, քեզ վրա աշխատել: Ես դրանից այլևս չեմ վախենում:
Դա կարծրատիպային մտածողություն է, կարճատեսություն, երբ կարող են դասակարգել, կամ պիտակավորել մասնագետներին` չնայելով ավելի խորն ու հեռուն:
Դա հաստատ առավելություն է:
Եթե ես ստացել եմ երեք կրթություն, ինքս ինձանով ինչ-որ բան եմ ներկայացնում ու շնորհքով եմ, ուրեմն ինձ ընդունեք իմ բոլոր առավելություններով:
Այո, մեզ մոտ կա այդ խնդիրը: Ես որոշել եմ փոխել մասնագիտությունս, ուզում եմ զբաղվել ֆոտոյով: Մարդիկ շարունակելու են քեզ ընկալել միայն նախկին մասնագիտության մեջ ու դժվար է կոտրել դա: Եվրոպայում որևէ մարդ 20 տարի զբաղվում է մի մասնագիտությամբ ու հետո որոշում, որ այլևս երջանիկ չէ այդ մասնագիտության մեջ:
Ես Եվրոպայում և նահանգներում հանդիպել եմ 60-ն անց մարդկանց, ովքեր նստել են ուսանողական նստարանին և փոխել իրենց մասնագիտությունը:
Ես դա համարում եմ ամենագեղեցիկ բանը: Եթե այս մարդը այդպես է որոշել, ինչպես կարող եմ չընդունել դա:
Պատրա՞ստ ես փոխել քո մասնագիտությունը ու դառնալ ուրիշ մի բան:
Դա հնարավոր է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Դա անելով իսկ` չեմ մտածի, որ կդադարեմ ստեղծագործել: Չեմ կարող ու վերջ: Ընտանիքիս համար կանեմ այն, ինչ պետք է, բայց դա ինձ ցավ կպատճառի: Արդյունքում նորից կստեղծագործեմ, գոնե պատերին կնկարեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



