Life.panorama.am-ը գրում է․

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանն է, ում հեռուստադիտողը ծանոթ է նաև դեռ առաջին հայկական սերիալներից: Դերասանուհի, ով երբեք չի խառնում բեմի և կյանքի «դիմակները»…
-Անի, կարծեք թե թատրոնում շատ զբաղված եք, այո՞:
-Այո, ամսի 29,30-ին պետք է նոր ներկայացման պրեմիերա հանձնենք հանդիսատեսի դատին:
-Իսկ ի՞նչ ներկայացում է, ո՞վ է պիեսի հեղինակը:
-Թամար Հովհաննիսյանի կողմից է գրվել պիեսը, նա նաև ռեժիսորն է: Ներկայացումը կոչվում է «Վերջին կանգառ»:
-Այդ զբաղվածության պատճառո՞վ Ձեզ էկրաններին չենք տեսնում, թե՞ հրավերներ չկան դեռևս:
-Հրավերներ եղել են, բայց ընդունել չէի կարող, ֆիզիկապես չէի հասցնի: Ներկայացման պրեմիերան հանդիսատեսին հանձնելուց հետո ավելի հանգիստ կլինեմ և արդեն կմտածեմ այդ ուղղությամբ:
-Սերիալները չե՞ն ձանձրացնում դերասանին:
-Իմ աշխատանքն է, ինչո՞ւ պետք է ձանձրանամ: Չի կարելի հոգնել և ձանձրանալ այն բանից, ինչը քո աշխատանքն է, սիրում ես: Իհարկե, թատրոնն ավելի հաճելի աշխարհ է, բայց սերիալում կամ ֆիլմում նկարահանվելը նույնպես իր հետաքրքրությունն ունի: Նաև մի լավ կողմ ունի՝ առավել է վարձատրվում, քան թատրոնում: Պարզապես ժամանակ առ ժամանակ պետք է դադար լինի, որպեսզի հեռուստադիտողն ինքը չձանձրանա և չհոգնի անընդհատ նույն դեմքերը տեսնելուց:

-Արդեն բավական ժամանակ է, որ հայկական սերիալարտադրություն կա: Ինքներդ էլ եղել եք առաջիններից, ով մասնակցություն է ունեցել սերիալներում: Նկատե՞լ եք, այս տարիների ընթացքում հայկական սերիալները որակական փոփոխություններ կրո՞ւմ են:
-Գիտեք, քանի որ ես այդ ամենի մեջ եղել եմ ու տեսել, գիտեմ, որ դերասաններն իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարում են: Բնականաբար, սերիալներում առաջընթաց կա, բայց մեծ ներդրումներ են պետք: Շատ լավ արտադրանք ստանալու համար պետք է շատ գումար ծախսես: Իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, ֆինանսական խնդիրները միշտ կան:
-Շատերի կարծիքով սերիալը մարդկանց շեղելու, զբաղեցնելու միջոց է…
-Բայց ինչո՞ւ շեղելու կամ զբաղեցնելու, չեմ հասկանում: Եթե մարդը չի ցանկանում նայել, թող այլ հետաքրքրություն գտնի: Օրինակ, եթե մեծ տատիկ կա տանը, ում համար կարդալը կամ մեկ այլ զբաղմունք գտնելը դժվար է, վա՞տ բան է, որ սերիալ է նայում: Իր հետաքրքրությունը դա է, նա դրանով իրեն լավ է զգում: Ոչ-ոք ոչ մեկին չի ստիպում, որ նստի ու սերիալ նայի: Այսօր այնքան հաղորդումներ, լուրեր կան, որ մարդկաց դեպրեսիայի մեջ են պահում: Ես նմանատիպ հաղորդումների ժամանակ անմիջապես հեռուստաալիքը փոխում եմ… Սերիալն ավելի թեթև բան է ու մարդկանց սթրեսի մեջ չի գցում, նույնիսկ, կարելի է ասել, լիցքաթափում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



