Հայաստանի քաղաքական գործընթացներն արձանագրող և վերլուծող տեղեկատվական դաշտը ողողված է ոչինչ չասող արտահայտություններով.
ա. «Հայաստանը պատրաստ չէ ժամանակի մարտահրավերներին». այս արտահայտությունն արտաբերողը պետք է իմանա, որ աշխարհում ընդամենը մի երկու-երեք երկիր կա, որոնք պատրաստ են մարտահրավերներին, և դրանք հենց այն երկրներն են, որոնք ստեղծում կամ ծնում են ժամանակակից մարտահրավերները, մյուսները, այո, պատրաստ չեն և չեն կարող լինել:
բ. «ժողովրդին պետք է ասել ճշմարտությունը». իրականում մարդիկ ճշմարտասեր չեն, ճշմարտությունը որպես բարձրագույն արժեք կրելը գրեթե վերմարդկային կամք և պատասխանատվություն է պահանջում, առավել ևս մենք՝ հայերս, ավելի շատ հակված ենք ճշմարտությունը չասել, քան ասել, այնպես որ «ժողովրդին ճշմարտություն ասելը» ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ ճշմարտություն չէ, որ ապրեցնում է մարդկանց:
գ. «պետք է մոբիլիզացնել ժողովրդին». նախ, ժողովուրդը ո՞րն է՝ հայ հասարակությունը, թե՞ ազգը, երկրորդ՝ որն էլ լինի՝ հանրությունը կամ ազգը, այն բանակ չէ, դուք էլ նրա հրամանատարը չեք, որ մոբիլիզացնեք, երրորդ՝ մարդկանց երեք բան է անհրաժեշտ՝ անվտանգություն, արդարադատություն և զարգանալու հնարավորություն, եթե սրանք կարող եք ապահովել՝ ասեք ինչ անենք, իսկ եթե չէ՝ հեռացեք քաղաքական թատերաբեմից, ռուսի ասած՝ ի բեզ վաս տոշնո:



