Նարցիսիզմը բնավորության գիծ է համարվում: Սա այն բնույթն է, երբ մարդը բացառիկ ինքնասիրահարվածություն է ցուցաբերում: Տերմինի առաջացման մասին գիտենք գրեթե բոլորս. հունական առասպելի հիասքանչ երիտասարդ Նարցիսը մերժեց Էխո անունով նիմֆայի սերն ու որպես պատիժ դատապարտվեց լճի ջրում ինքն իր արտացոլանքին սիրահարվելուն՝ արդյունքում մեռնելով այդ սիրուց:
Հոգեբանության ու հոգեբուժության մեջ չափից դուրս նարցիսիզմը դիտարկվում է՝ որպես լուրջ անձնային դիսֆունկցիա և անձի խանգարում: «Նարցիս», «նարցիսական», «նարցիսիզմ» բառերը, որպես կանոն, բացասական բնութագիր են տալիս, մատնանշում են փառասիրությունը, ինքնակարծությունը, էգոիզմն ու ինքնասիրահարվածությունը:
ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴԸ կարծում էր, որ նարցիսիզմը կամայական մարդու անբաժանելի մաս է ի ծնե: Նա առաջինն էր, ով որպես տերմին ներմուծեց այս բառը հոգեբանության ոլորտում:
ՄԵԼԱՆԻ ՔԼԱՅՆԸ դիտարկում էր նարցիսիզմը՝ որպես օբյեկտային հարաբերությունների՝ նարցիսային հատուկ տեսակ: Նրա աշակերտ Ռոզենֆելդը սահմանեց դեստրուկտիվ նարցիսիզմը (որպես մահվան բնազդի հետևանք) և լիբիդոզային նարցիսիզմ:
ՕՏՏՈ ՔԵՐՆԲԵՐԳԸ դիտարկեց պաթոլոգիկ նարցիսիզմը: Սահմանեց նարցիսիզմի 3 տեսակ՝ նորմալ ինֆանտիլ, նորմալ հասուն և պաթոլոգիկ: Պաթոլոգիկ նարցիսիզմը ԵՍ-ի ինքնակատարելացման արտացոլումն է: Նման մարդիկ արհամարհանքով են վերաբերվում շրջապատողներին ու ցուցադրում սեփական գերազանցությունը, նրանց մոտ բացակայում է էմպատիան ու հետաքրքրությունը այլոց նկատմամբ:
ԷՆԴՐՅՈՒ Պ. ՄՈՐԻՍՈՆԸ պնդում է, որ մեծահասակ մարդուն առողջ նարցիսիզմի որոշակի քանակը թույլ է տալիս հավասարակշռություն գտնել սեփական ու շրջապատողների ցանկությունների միջև:
ԿԱՐԵՆ ՀՈՐՆԻՆ դիտարկում է նարցիսիզմը՝ որպես նևրոզի զարգացման ուղղություններից մեկը, որը ձևավորվում է բազալային տագնապների հիման վրա: խմբ.Լ.Քոչարյան