Barometer.am-ը գրում է․
Այն, որ Հայաստանում կրթությունն ու աշխատաշուկան ներդաշնակ միասնության մեջ չեն և կրթական հաստատությունները հիմնականում պատրաստում են շուկայի պահանջները չբավարարող մասնագետներ՝ գրեթե կասկած չի հարուցում: Կասկած չի հարուցում նաև այն, որ բուհական բովով անցած դիպլոմավորված մասնագետները հիմնականում չեն կարողանում գտնել բարձր վարձատրությամբ աշխատանք և ստիպված բավարարվում են որևէ աշխատատեղով՝ ցանկություն չունենալով համալրել գործազուրկների բանակը: Ավելին, դիպլոմացավով տառապող մեր հասարակության մեջ շատերը մասնագիտություն ընտրելիս առաջնորդվում են զգացմունքայնությամբ և մասնագիտական բրենդիզմի կարծրատիպերով, քանզի տուրք տալով մոդայիկ մասնագիտություններին՝ հաշվի չեն առնում այդ մասնագիտությունների և իրենց անձնական հատկանիշների, հետաքրքրությունների համապատասխանությունը: Արդյունքում, օրինակ, արվեստագետի ձիրք ունեցողը ծնողների հորդորով կամ մասնագիտական նորաձևության ազդեցությամբ որոշում է դառնալ իրավաբան, սակայն ուսումնառության ավարտին հասկանում է, որ մասնագիտական "ամուսնության" հարցում ճիշտ ընտրություն չի կատարել և այլն: Այս համատեքստում նշենք, որ ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը Երևան քաղաքում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ նպատակ ունենալով պարզել, թե որքանո՞վ են երևանցիները գոհ իրենց հիմնական մասնագիտությունից՝ վարձատրության, հետաքրքրություններին համապատասխանության, աշխատատեղերի առկայության առումներով (գոհունակության աստիճանը գնահատվել է 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույն, իսկ 5-ը գոհունակության առավելագույն ցուցիչն է):
Թեպետ հարցման արդյունքները կդիտարկենք նաև առանձնացված տարբերակով, այնուամենայնիվ նշենք, որ վարձատրության առումով երևանցիների գոհունակությունը վկայող միջինացված գնահատականը 2.11 է, իսկ աշխատատեղերի առկայության և հետաքրքրություններին համապատասխանության առումով՝ 2.27 և 3.61 (տե՛ս գրաֆիկ 1): Այսինքն՝ մարդիկ փոքր-ինչ առավել գոհ են նրանից, որ ունեն իրենց հետաքրքրություններին համապատասխանող մասնագիտություն, մինչդեռ վարձատրության և աշխատատեղերի առկայության առումներով գործ ունենք գրեթե համատարած դժգոհության հետ, քանի որ դրանց միջին գնահատականը սահմանակցում է վատթարագույնին:
Գրաֆիկ
Որքանո՞վ եք գոհ Ձեր հիմնական մասնագիտությունից հետևյալ առումներով. վարձատրություն,աշխատատեղերի առկայություն, համապատասխանություն հետաքրքրություններին

Անդրադառնանք այս հարցի պատասխաններով բացահայտված մի քանի ուշագրավ իրողությունների, ըստ համապատասխան չափորոշիչների.
Որքանո՞վ եք գոհ Ձեր հիմնական մասնագիտությունից վարձատրության առումով
Ուշագրավ է, որ վարձատրության տեսանկյունից առավել դժգոհ են 50 և ավելի բարձր տարիքի հարցվողները իսկ համեմատության մեջ պակաս դժգոհ են եղել 18-29 տարեկանները: Այս պատկերը պատահական չէ, քանզի երիտասարդներն առավել հեշտությամբ են գտնում մոդայիկ և հարաբերականորեն բարձր վարձատրությամբ աշխատանք, քան 50 և ավելի բարձր տարիք ունեցողները՝ նորամուծությունների հանդեպ բաց լինելու և այլ կրթամշակութային իրականության մեջ հարմարվելու և մասնագիտանալու պատճառով: Բացի այդ, երիտասարդների մի մասը ծանրաբեռնված չի ընտանեկան հոգսերով կամ չունի ընտանիքի ֆինանսական խնդիրները լուծելու այն նույն պատասխանատվությունը, ինչը, օրինակ, ունի զավակներ (թոռներ) ունեցող 50-ն անց մարդը: Հանգամանք, որը հուշում է նաև դժգոհության հոգեբանական հիմքերի մասին:
Հարցման արդյունքները փաստում են, որ վարձատրությունից դժգոհությունը կապված է նաև մարդկանց կրթական մակարդակի հետ: Որքան բարձր է կրթական մակարդակը, այնքան ավելի բարձր է վարձատրությունից գոհ լինելու միջին գնահատականը:
Որքանո՞վ եք գոհ Ձեր հիմնական մասնագիտությունից աշխատատեղերի առկայության տեսանկյունից
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ աշխատատեղեր գտնելու կամ դրանց առկայության տեսանկյունից կրկին առավել դժգոհ են 50 և ավելի բարձր տարիք ունեցողները: Մինչդեռ 18-29 տարեկանների մոտ պատկերն անհամեմատ ավելի դրական է: Կարծես ստացվում է, որ 18-29 տարեկաններն ընտրում են աշխատաշուկայի պահանջներին բավարարող մասնագիտություններ:
Որքանո՞վ եք գոհ Ձեր հիմնական մասնագիտությունից՝ Ձեր հետաքրքրություններին համապատասխանության տեսանկյունից
Այս հարցին տրված պատասխանների մակարդակում ևս նկատվում է հարցվածների տարիքային գործոնը: Մեծահասակների մոտ խնդիրն ավելի սուր է, իսկ ահա, 18-29 տարեկանների կեսից ավելին առավելագույն 5 միավորով է գնահատել հիմնական մասնագիտության և ունեցած հետաքրքրությունների համապատասխանությունը, իսկ մնացած տարիքային խմբերում այդ ցուցանիշը մոտ 35% է: Այսինքն՝ հարցման արդյունքները հուշում են, որ հետաքրքրությունների հիմքի վրա մասնագիտության ընտրություն են կատարում կամ մասնագիտությունը իրենց հետաքրքրություններին համապատասխանող են համարում առավելապես 18-29 տարեկանները:
Այսպիսով, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ պետությունը լուրջ անելիքներ ունի քաղաքացիներին արժանավայել մասնագիտական աշխատանք կամ աշխատանքային հնարավորություններ ապահովելու, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով առավել խոցելի կարգավիճակում հայտնված 50-ն անց մարդկանց մասնագիտական ինքնաիրացման հնարավորություն ընձեռելու (օրինակ՝ ոչ "ատկատային" վերապատրաստումներ և այլն) գործում:



