TaxiNews.am — հանրային լրագրության հարթակ
Կոնցեպցիա. լրատվամիջոց, ուր լրագրողները և վերլուծաբանները տաքսիստներ են, իսկ խմբագիրները՝ դիսպետչերներ։ Նորությունները և վերլուծությունները հաղորդվում են ռադիոկապով (որպես տարբերակ՝ խելախոսների միջոցով), ամեն նյութ ավարտվում է «Բարի երթ» մաղթանքով։ Որպես բոնուս կարելի է հրատարակել նաև ուղևորների առավել հետաքրքիր ու արժեքավոր մեկնաբանությունները։
Առավելություններ. տաքսիստները հանրության ամենաիրազեկ խավն են, ամեն ինչից տեղյակ են, միշտ գիտեն «ճիշտը ոնց ա էղել», շատ իրադարձությունների անմիջական վկա են։ Համոզված եմ, որ իր աղբյուրներով լրատվամիջոցը ամենայն հավանականությամբ կանցնի «Հրապարակի» ու «Չորրորդ իշխանության» այդքան սիրված, բայց սովորաբար անանուն «լավատեղյակ աղբյուրներին», օպերատիվությամբ չի զիջի shamshyan.com-ին, իսկ վերլուծականների խորությամբ ու անսպասելի մտքերով անշուշտ կգերազանցի Lragir.am-ի փառապանծ վերլուծաբանական դպրոցը։