Ժողովուրդ, էս վերջերս Նովոսիբիրսկում «համառուսաստանյան երիտասարդական ֆորում» անվամբ միջոցառում էր կազմակերպվել, ես էլ ներկա էի և իմ համեստ ներդրումն ունեցա միջոցառման կայացման մեջ։ Էդտեղ ի թիվս այլ հարցերի՝ դրվեց նաև ձուլման խնդիրը, և ձուլումը ներկայացվեց որպես բնական և օրինաչափ պրոցես, որտեղ ես իմ հակափաստարկներով հակառակը պնդեցի։ Կցանկանայի մի քանի կետերի վրա ուշադրություն հրավիրել։
Առաջին կետը միջավայրն է. տեղին է նշել միջավայրի կրոնական ֆակտորը։ Օրինակ՝ իսլամ միջավայրում քրիստոնյա համայնքն ավելի կայուն է։ Եթե համայնքում ղեկավար կազմի մոտ նաև ազգային բարձր գիտակցություն կա, նաև տարբեր եղանակներվ պահպանվում է ազգային ինքնագիտակցությունը։
Մյուս կետը պայմանավորված է բնակավայրերով։ Այսինքն, եթե ինչ-որ քաղաքում հայերն ապրում են որևէ կենտրոնացված թաղամասում, ապա ձուլումը, որպես կանոն, բավականին փոքր թվերի է հասնում։ Այդ երևույթն առկա էր նաև Թուրքիայում համքարությունների տեսքով։ Թուրքական իշխանության պայմաններում հայերը, հավաքվելով համքարություններում, բավականին հաջողված կերպով պայքարում էին։ Էսօր դա կարող է լինել արհեստակցական միությունների, ասոցիացիաների տեսքով։ Արաբական աշխարհում կան համայնքներ, որտեղ հայերն ապրում են առանձին գյուղում, և ձուլումը գործնականում զրոյի է հասցված։ Նման օրինակ ունենք նաև մենք էստեղ՝ մալականների օրինակը։
Կարևոր բաղադրիչներից մեկը նաև համայնքի կազմակերպման փակ լինելն է։ Նույն մալականների օրինակով մենք տեսնում ենք, որ իրենք երբեք չեն ներթափանցում մեր կենցաղ, և թույլ չեն տալիս՝ մենք ներթափանցենք իրենց ներս, միևնույն ժամանակ շատ հաջող կերպով զարգանում է տնտեսական համագործակցությունը։ Սա համակեցության մոդելներից մեկն է։ Բնության մեջ էլ կա պարազիտիզմ, սիմբիոզի այլ ձևեր։ Սա մանրամասն ուսումնասիրման թեմա է։
Մյուս օրինակը եզդիներն են։ Գործնականում չունենալով սեփական պետությունը՝ Եզդիստան, նրանք դարերով ապրելով, ասենք, Հայաստանում, անգամ ազգանունները յան-վերջավորությամբ հավելելով, անգամ խոսելով շատ դեպքերում հայերեն, միևնույն ժամանակ պահպանում են կենցաղավարության իրենց սկզբունքները և ազգային պատկանելիության գիտացությունը։ Շատ քիչ են նաև խառնամուսնությունները։
Կրոնական հարցերից է նաև մեր համայնքներից ամենահայտնի վառ օրինակներից մեկը, որ նաև դպրոցում ենք անցնում, երբ առաքելական կրոնը համայնքը փոխարինեց կաթոլիկ կրոնով և շատ արագ ձուլվեց։ Էսօր նույն խնդիրը կա Ռուսաստանում և շատ հայերի գիտեմ, որոնք օրինակ եկեղեցու բացակայության պայմաններում այցելում են ռուսական եկեղեցի, ավելին, կան և էնպիսիք, ովքեր իրենց Էջմիածնի հետևորդ չեն համարում, այլ իրենց կոչում են էսպես ասած պռավասլավնի՝ ենթադրելով ռուսական եկեղեցին։ Էստեղ մի կողմից ռուսական եկեղեցու պրոպագանդան է, մի կողմից միջավայրը, մյուս կողմից էլ մեր թերացումը։ Կարճ ասած՝ հարցը շատ տարբեր կողմերից պետք է քննել՝ որոշակի ենթադրություններ և եզրակացություններ անելու համար։
Եթե առանձնացնելու լինենք, ապա համայքների չձուլմանը, կամ համենայն դեպս պրոցեսի դանդաղեցմանը նպաստում են
Ա. Համակեցությունները և գյուղերով, թաղամասերով ապրելը, որը նաև ինքնապաշտպանական խնդիրների կազմակերպման տեսանկյունից է օգտակար և կոլեկտիվ գիտակցություն է ձևավորում։
Բ. Օտար կրոնական միջավայրը։
Գ. Համքարությունների մոդելով ընդհանուր տնտեսական գործերի հիմնումը։ Երբ ամբողջ ֆինանսական ստրուկտուրան իր մեջ ներառում է համայնքի տարբեր ներկայացուցիչներ և գործ ենք ունենում ոչ թե առանձին սուբյեկտների, այլ էսպես ասած՝ հավաքական կոլեկտիվ բիզնեսի հետ։
Դ. Միջավայրում հնարավոր հակահայկական տրամադրության մակարդակը, որը դրդում է ինքնապաշտպանման և ինքնակազմակերպման։
Կետերը կարելի է շարունակել և մանրամասն քննարկել, բայց կարծում եմ՝ էսքանն էլ հերիք է սկզբի համար։ Կարելի է առանձին թեմա բացել նաև։