Analitik.am-ը գրում է.

Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների խորացումը միջազգային հարաբերություններում ստեղծում է նոր բարդ քաղաքական իրավրճակ: Հակամարտող կողմերը կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ուկրաինայի հարցում: Արևմուտքը պահանջում է հրաժարվել Ղրիմի միակցումից, հարգել հարևան երկրի տարածքային ամբողջականությունն ու դուրս բերել զորքերը Դոնբասից, ինչից Ռուսաստանը կտրականապես հրաժարվում է, հայտարարելով, որ Ուկրաինայում ռուսական զորքեր չկան և միաժամանակ սերտացնում է հարաբերությունները ռուսամետ անջատականների հետ:

Այս բարդ իրավիճակն իր ազդեցությունն է թողնում թե՛ ռուս-ուկրաինական վատթարացած հարաբերությունների, թե՛ երկու երկրների ներքաղաքական կյանքի վրա: Ուկրաինայում Ռադայի արտահերթ ընտրությունների ժամանակ հաղթանակած քաղաքական ուժերը հետամուտ են լինելու Եվրաինտեգրացման քաղաքականության շարունակությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերին: Նման հայտարարությունները ջղաձգումների մեջ են գցում Կրեմլին և Մոսկվան, օգտվելով այդ հանգամանքից, արդարացնում է իրենց գործողություններն Ուկրաինայում: Ընդհանրապես,  յուրաքանչյուր կայսրություն տարածքների ընդլայնման ժամանակ մշտապես գտնում է արդարացման միջոցներ: Այսպես, Մոսկվան սեփական աշխարհաքաղաքական շահերին համահունչ քաղաքականության իրականացումը մատուցում է որպես նվիրական առաքելություն, որը խարսխված է բարոյական հիմքերի վրա, քանի որ, ըստ իրենց կարծիքի բոլոր սլավոնների շահերից է բխում միավորվել Ռուսական աշխարհի սահմանները: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Վաշինգտոնի կողմից սեփական շահերին հետամուտ լինելուն, ապա այն հակաամերիկյան անսանձ քարոզչության միջոցով պատկերվում է որպես անբարոյականության ու ցինիզմի գագաթնակետ: Կրեմլը մշտապես քննադատում է Արևմուտքին դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման կապակցությամբ՝ մեղադրելով վերջինիս Գերմանիայի միավորման ժամանակ ԽՍՀՄ-ին տված խոստման չկատարման մեջ: Սակայն Մոսկվան անտեսում է մեկ ակնհայտ, բայց կարևոր հանգամանք՝ յուրաքնչյուր անկախ պետություն ինքն է որոշում ու իրականացնում իր արտաքին քաղաքականությունն ու  այս պայմաններում տրամաբանության մեջ չի տեղավորվում Ռուսաստանի նախագահի խոսնակ Դ. Պեսկովի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցման վերաբերյալ Արևմուտքը չի տալիս որևէ երաշխիք:

Ուկրաինան ինքնիշխան պետություն է ու, օգտվելով ՆԱՏՕ-ի Բաց դռների քաղաքականությունից, ցանկանում է անդամակցել հյուսիս-ատլանտյան կառույցին: Հասկանալի է, որ այդ չի բխում Ռուսաստանի շահերից, սակայն դա արդեն Մոսկվայի խնդիրն է: Ռուսաստանը Ուկրաինայում, ստեղծելով մշտական լարվածություն, ձգտում է իր քաղաքկան ազդեցության տակ պահել Կիևը, բայց այդպես էլ չի կարողանում հասնել իր ցանկալի արդյունքին: Այս պայմաններում Ռուսաստանում սկսել են հաճախակի հնչել իշխանություններին ուղղված քննադատությունները, որտեղ կոչ են անում մոռանալ առասպելական Նովոռոսիեի և այսպես կոչված Դոնբասում համաժողովրդական ընտրությունների մասին ու ռեալ նայել ստեղծված ծանր կացությանը: Իշխանություններին ուղղված քննադատությունները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայի հարցով, Պուտինի վարչախմբին մեղադրում են երկրի տնտեսությունը չդիվերսիֆիկացնելու մեջ՝ մատնանշելով, որ եթե հինգ տարի առաջ երկրի բյուջեի եկամտի հատվածի 49%-ն ապահովում էր նավթի վաճառքից ստացած միջոցները, ապա այս տարի այն կազմում է բյուջեի 52%: Իր հերթին Կրեմլը զգուշանալով երկրում աճող իշղանություների հանդեպ անհամաձայնությունից՝ օրենքների փոփոխության և ադմինիստրատիվ ռեսուրսների ուժեղացման միջոցներով, սահմանափակում է ժողովրդավարությունն ու ամրապնդում սեփական դիրքերը:

Անցած շաբաթ Անվտանգության խորհրդի նիստում Վ. Պուտինը զգուշացրեց, որ հարգելով քաղաքացիների խաղաղ երթերի ու ազատ արտահայտման իրավունքները, թույլ չի տա երկրում ծայրահեղականության աճին և ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխությանը, ինչպես դա եղավ Ուկրաինայում: Բայց երկրի տնտեսական աճի նվազումը, ինչպես նաև քաղաքական մեկուսացումը,  պարարտ հող են ստեղծում Ռուսաստանում հակակառավարական հզոր շարժման առաջացման համար, որին անպայման կաջակցեն արևմտյան քաղաքական ու հասարակական կառույցները: Որպեսզի Ռուսաստանում ստեղծված կացությունն էլ ավելի չբարդանա, Կրեմլը ստիպված է լինելու փոխզիջման գնալ Արևմուտքի հետ Ուկրաինայի հարցում՝ առնվազն զսպելով Դոնբասում ռուսամետ անջատականների քաղաքական ամբիցիաներն և չմիջմտի Կիև-Բրյուսել ռազմաքաղաքական հարաբերություններին, հակառակ պարագայում Ռուսաստան-Արևմուտք առճակատումն ամբողջապես կհյուծի Մոսկվայի ներուժն ու կսպառի Վ. Պուտինի քաղաքական կապիտալի պաշարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել