Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր:
Իսկ թե ինչու խնդիրը լուծվեց այս հարթությունում և ինչու միջազգային կառույցներն այդպես էլ չկարողացան հարցը դիվանագիտորեն լուծել՝ Էվոլյուցիա հաղորդման ժամանակ խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զրույցի ընթացքում նախարարը նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ զորավարժությունների ժամանակ՝ շատ ցավալի և աննախադեպ էր, այդ իսկ պատճառով մեր կողմից համարժեք միջոցառումներ ձեռնարկվեցին։
Ի պատասխան այն հարցին, թե ինչու հենց դեպքի օրը մենք հակահարված չտվեցինք՝ Սեյրան Օհանյանն ասաց. "Ուղղաթիռն ավելի շատ մոտ էր ընկել Ադրբեջանին, ինչն էլ կարող էր հրահրել նրանց, այդ իսկ պատճառով մենք սկզբում ցանկանում էինք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել":
Նախարարի խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը նախապես պլանավորում է հրադադարի խախտման դեպքերը և օգտագործում է զենքի հատուկ տեսակ:
"Ադրբեջանը նույնպես տեղյակ էր զորավարժությունների մասին և նրանք նախապես պլանավորել էին, որ ուղղաթիռ պետք է խոցեն", - ասաց նախարարը։
Հաղորդման ընթացքում հնչեց նաև մի կարևոր հարց՝ ինչպիսի՞ իրավիճակ է տիրում հիմա, արդյոք կա՞ պատերազմի վերսկսման վտանգ․
"Պատերազմի վերսկսման իրավիճակ այս պահին չեմ տեսնում, - նշեց նախարարը, - դրությունը լարված է, պաշտպանության նախարարության ղեկավարությունը միշտ իր գործունեությունը պլանավորում և իրականացնում է՝ պատրաստ լինելով մարտական գործողությունների":



