Այնպես ստացվեց, որ պատահական դիտեցի Հայաստանի ձայնը նախագծից մի հատված, որտեղ բեմում սքանչելի գեղեցիկ երկու աղջնակ՝ չափից շատ նման Եվա Ռիվասին, չափից դուրս վատ ինչ-որ երգ էին կատարում: Պարզվեց, որ աղջիկները Եվայի թիմից են, դե դա հեռուստացույցի ձայնը անջատած էլ պարզ էր` նույն զգեստային ոճը, գեղեցիկ շպար, գեղեցիկ ոտքեր... Բայց չէ՞ որ սա «Հայաստանի ձայն» նախագիծն է, այլ ոչ «Հայաստանի Ոտք» նախագիծը:
Այ Ռիվաս ջան, որ շատ խորանում եմ, դու էլ մեղք չունես, ախր դու էլ շոու բիզնես մտար գեղեցիկ ոտքերի շնորհիվ ու մինչև հիմա էլ նրանց շնորհիվ էդ բիզնեսում շարունակում ես կայանալ: Չնայած հենց բիզնեսը միացավ շոույին, ձայնն էլ գնաց երկրորդ պլան, կատարումն էլ: Մեծ հաշվով, հնարավոր է ես սխալվում եմ, որովհետև ձայնային տվյալներով հաղթած ոչ Մերի Մնջոյանից, ոչ էլ Աննա Խանչալյանից այդ նախագծի ավարտից հետո խեր-խաբար չկա... էս երեխեքն էլ հո ձայնո՞վ հաղթեցին... Հնարավոր է, որ Եվան նոր մոդել է մտածել, հնարավոր է, որ գեղեցիկ ոտքերը հետագայում իրենց տիրոջը ավելի առաջ տանելու շանս ունեն, բառիս բոլոր իմաստներով, քան ձայնը... Հնարավոր է... Ուղղակի Եվան մի պահ մոռանում է, որ էն լավ փողերի քսակն արդեն դատարկ է, ու այս նախագծում դեր չի կարող խաղալ (դեր խաղացող լիներ` իրա համար կխաղար): Եվա-Եվա, ծիրանի կուտը այդպես էլ ոչ ծառ դարձավ, ոչ պտուղ տվեց: Դեռ նախագիծը նոր է սկսվել, ու եթե լսես հորդորս, հաջողությունդ ավելի շոշափելի կլինի: Նախ բրավո, ունես լավ երեխաներ թիմում, մի փոխի միայն նրանց ոճը: Հա, գեղեցիկ ոտքերի ցուցադրումը 100% շատ շահեկան է ու աչք շոյող, բայց անմիջապես փոխի քո օգնական Միհրան Ծառուկյանին: Թող էդ տղեն հանգիստ սերիալում նկարվի, թե չէ իրանից ինչ վոկալի դասատու: Եվ անպայման տեսքից բացի ուշադրությունդ կենտրոնացրու նրանց երգի վրա` անընդհատ մտքիդ մեջ կրկնելով` «սա Հայաստանի ձայնն է, սա Հայաստանի ձայնն է»: Մենակ հանկարծ հիմա էլ մի ծայրահեղությունից չընկնես մյուս ծայրահեղության մեջ ու երեխեքին ադյալներով փաթաթես: Միշտ հիշի` Ոտքը քո բրենդն է: