Newmag.am-ը գրում է․
Capital Cities խումբը 2013թ. ապրիլի 25-ին, ինչպես հիմա են ասում, պայթեցրեց համացանցը` Safe And Sound երգով, ու շատ պոպուլյար դարձավ ամբողջ աշխարհում: Այս պահին այդ տեսահոլովակն ունի 146 միլիոնից ավելի դիտում: Սակայն խմբի պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ` 2008 թվականից: Այդ ժամանակ Սեբու Սիմոնյանն ու Ռայան Մերչանտը ծանոթանում են Craigslist կայքի միջոցով ու սկսում համագործակցել: Առաջին երեք տարին նրանք երաժշտություն էին գրում գովազդների և զանազան ընկերությունների համար, և այդ հաջողակ 3 տարիներից հետո որոշում են ստեղծել խումբ: Ինդի-փոփ բնութագրվող ժանրում ստեղծագործող խմբի դեբյուտային ալբոմը` In a Tidal Wave of Mystery-ն, թողարկվեց 2013-ին: Համագործակցել են համաշխարհային աստղերի հետ (օրինակ` Քեթի Փերիի և Անդրե 3000-ի հետ, որը հայտնի է Outkast խմբից): Եվ ահա վերջերս` ավելի ստույգ օգոստոսին, Սեբու Սիմոնյանը ժամանեց Երևան:
Սեբուն ծնվել է 1979թ., Սիրիայում, հայկական ընտանիքում: Ինքն իրեն, սակայն, սիրիահայ չի համարում, որովհետև իր ընտանիքը Լիբանանանից է, և քաղաքացիական պատերազմի պատճառով է տեղափոխվել Սիրիա: Սեբուի ծնվելուց որոշ ժամանակ անց ընտանիքը կրկին տեղափոխվել է Լիբանան, իսկ 1985-ին` ԱՄՆ, որտեղ և Սեբուն մեծացել է` ավարտելով Կալիֆոռնիայի համալսարանը:
ԱՄՆ-ում Սեբուն իր ընտանիքով ապրում է ներհամայնքային շատ ակտիվ կյանքով: 90-ականների վերջին Սիմոնյանը հայ համայնքում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլալեզու բաժնի խմբագրությունում էր աշխատում:
Երաժշտական առաջին լուրջ քայլերը Սեբուն արել է 15 տարեկանում` ստեղծելով իր առաջին խումբը: 2004-ին կիթառահար և վոկալիստ Ռայան Ուելքերի հետ համագործակցության արդյունքում ստեղծվում է Aviatic ռոք-խումբը: Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, այս պահի դրությամբ Սեբուի ամենահաջողված համագործակցությունը Ռայան Մերչանտի հետ է: Հենց այդ համագործակցության մանրամասների, ժամանակակից երաժշտության և իր հայկական արմատների մասին ենք զրուցել Սեբուի հետ:

Ի՞նչ ծրագրեր ունեիք մինչև խումբը ստեղծելը: Քրեյգզլիսթում ինչպե՞ս հանդիպեցիք Մերչանտին: Ի՞նչ փոխեց այդ հանդիպումը:
Իմ ծրագիրը միշտ էլ նույնն է եղել. ստեղծել ավելի կենդանի երաժշտություն: Հանդիպման արդյունքում ձևավորվեց կոմպոզիտորների թիմ, որը երաժշտություն էր ստեղծում գովազդի համար: Մենք սկսեցինք մայրաքաղաքներից, և այս ընթացքում` մինչև Capitol Recordsի հետ պայմանագիր կնքելը, երաժշտական բազմաթիվ գործեր ենք թողարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



