Tert.am-ը գրում է․

Գյուղատնտեսության նախարարությունն ավելի քան 10 տարի է ոլորտը ապահովագրելու համար ուսումնասիրություններ է իրականացնում, ինչի արդյունքում պատրաստվում է մարզերից մեկում իրականցնել անասնագլխաքանակի ապահովագրման պիլոտային ծրագիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ներկայումս նախարարությունը լուրջ աշխատանքներ է տանում ապահովագրական խոշոր ընկերություններից մեկի հետ: 

«Հարցի հետ կապված նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության եզրեր փորձում գտնել, աշխատանքներն ենք տանում, մասնավորապես` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հետ, իրենց փորձագետները լուրջ ուսումնասիրություններ են իրականացնում մեր երկրում՝ ընդհանուր ռիսկերի գնահատում, դրանց հաճախականության ուսումնասիրություն: Մշակվում է նաև ոլորտում ապահովագրության ներդրման ճանապարհային քարտեզ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե որքանով է անհրաժեշտ ոլորտում ներդնել ապահովագրման համակարգ, Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ աշխարհագրորեն Հայաստանի ռելիեֆն այնպիսին է, որ հաճախ է ենթարկվում բնակլիմայական աղետների, և գյուղատնտեսությունը մեծ կորուստներ է կրում, իսկ պետությունը չունի այն միջոցները, որ դրանից հետո ամբողջությամբ գյուղացուն փոխհատուցի: 

«Ճիշտ է, պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում հետևանքները մեղմելու համար, բայց ընդամենը աջակցություն է ցուցաբերում դժվար վիճակում գտնվող գյուղացուն: Բայց լավագույն տարբերակը ապահովագրման կայուն համակարգի ստեղծումն է, որը կարող է նեցուկ լինել գյուղացուն և օգնել, որ կրած վնասները փոխհատուցվեն: Բայց այստեղ կա նաև վստահության խնդիր գյուղացիների կողմից, քանի որ նրանց կողմից որոշակի թերահավատություն կա: Մենք հակված չենք մտածելու, որ համակարգն արագ կներդրվի, բայց պիլոտային ծրագրի իրականացումը կարող է հավատ ներշնչել մարդկանց՝ կտեսնեն, որ ով ապահովագրել է իր անասնագլխաքանակը, նա ավելի պաշտպանված է»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել