Մարդիկ կան, որ բնածին փորձագետներ են: Այո, այո` բնածին: Քանի որ, առանց լինելու դեպքի վայրում, առանց առարկայական հետազոտությանն ու ուսումնասիրությանը մասնակից լինելու, կարող են հստակ ու առանց մի կաթիլ տատանվելու, որպես վերջնական ու հաստատուն տեսակետ հայտարարել, որ ... 
Չէ, ավելի լավ է մեջբերում անեմ նման «հանճարեղ փորձագետի» վերջնական ու բացարձակ հետաքննության «եզրակացությունից», որն անգամ որպես վարկած չի մատուցել իր ասելիքը.
- «եթե ուղղաթիռի անկման պահին անձնակազմի երկու անդամները մնացել են ուղղաթիռի մեջ և այրվել են, երրորդը գտնվել է ուղղաթիռից որոշ հեռավորության վրա, նշանակում է, որ եթե ուղղաթիռի ջախջախման պահին երկու օդաչուները գտնվել են մեքենայում, երրորդը եղել է այնպիսի վիճակում, որ կարողացել է ուղղաթիռից հեռանալ այնքան, որ չի այրվել, այլ մահացել է վիրավորվելու հետևանքով կամ ծարավից…»:
Փոխանակ գնահատելու ուղղաթիռին մոտենալու փայլուն ու ողջամիտ բանականությամբ իրականացված գործողությունը, սկսում են անմիջապես մեղադրել զինվորական պատասխանատուներին, թե ինչու այսքան ուշ, ինչու ուղղաթիռի անկումից անմիջապես հետո չեն գրոհել ուղղաթիռի անկման վայր ու չեն փրկել վիրավոր ու ծարավ օդաչուին, ադրբեջանական դիրքերի վրա, ինչու որպես հակահարված` չեն հրթիռակոծել Մինգեչաուրի ջրամբարը, նավթամուղերը, Բաքուն ու էլի ու էլի շատ տարածքներ:
Չեմ ուզում անդրադառնալ նրան, թե ինչ հետևանքներ կարող էին ունենալ, եթե տաքարյուն կերպով, առանց կշռադատելու իրավիճակը` նման անխոհեմ քայլեր արվեին այդ պահին, երբ սահմանամերձ տեղանքում զորքերի կուտակումներ կային ու վերջնականորեն ինչ գին այդ ամենը կարժենար, անդրադառնամ նման «խելացի» եզրակացությանը (ոչ թե վարկածին): Նման «հանճարեղ» փորձագետը որպես վարկած անգամ չի դիտարկել, որ առնվազն 50-100 մետր բարձրությամբ թռչող ու օդում պայթած, ազատ անկումով ու իներցիայով որոշ տարածություն առաջ ընկած ու ընկնելուց էլ` երկրորդ պայթյուն ստացած ուղղաթիռից օդաչուներից մեկի մարմինը ուղղակի կարող էր հարվածից կամ պայթյունից ուղղաթիռից հեռու ընկներ, որի արդյունքում էլ, հնարավոր է, զերծ է մնացել այրվելուց: Կադրերից կարելի է ենթադրել, որ արդեն օդում հավանականությունը քիչ էր, որ այդ պահին որևէ մեկը կարող էր ողջ մնալ նման պայթյունից ու նրա առաջացրած ճնշումից, էլ ուր մնաց` նման բարձրությունից, ոչ թե խափանման արդյունքում անհաջող վայրէջք, այլ արդեն մետաղյա տարա դարձած ազատ անկում ապրող ուղղաթիռով գետնին բախվելուց (համաձայն առկա կադրերի` առնվազն 15-ից 30 հարկանի շենքի բարձրությունից): Ենթադրում եմ, որ մահը բոլոր երեք օդաչուներին շուտ է հասել և չեն հասցրել տանջվել:
Ամեն հրապարակային գրառում անող թող չմոռանա, որ իր գրածը նաև զոհվածների հարազատները կարող են տեսնել, հետևաբար չի կարելի ամեն ենթադրություն` որպես բացարձակ ճշմարտություն մատուցել ...
Չեմ ցանկանում հիմա մտնել մի դաշտ, որտեղ դեպքի իսկության մասին հետագայում կլսենք իրական փորձաքննություն անցկացրած մասնագետների առարկայական և առավել հավանական եզրակացությունը:
Ուղղակի նման մարդկանց այդօրինակ մեղադրական ու դիլետանտ գրառումները կարդալով` հիշեցի Մարգարետ Թետչերի խոսքը. «Նրանք, ովքեր ինձ քննադատում են, եթե տեսնեն անգամ, որ քայլում եմ Թեմզա գետի վրայով, կասեն` լողալ չգիտի, դրա համար է քայլում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել