«Ամուսնացել եմ 17 տարեկանում ` հորս պարտադրանքով: Մայրս վաղուց է լքել այս կյանքը, ու հայրս երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրս ինձ շատ էր ճնշում, ուզում էր շուտ ազատվել ինձնից, անկեղծ ասած` ես էլ էի ուզում հեռանալ տանից, բայց ոչ նրա, ոչ էլ իմ բախտը բերեց: Ամուսնուս համարյա չէի ճանաչում: Բայց 2 տարվա համատեղ կյանքում ինչեր ասես, որ չքաշեցի: Նա հարբեցող էր, օր չկար, որ չծեծեր ինձ: Մենք բաժանվեցինք, հիմա վարձով եմ ապրում, հազիվ եմ ծերը ծերին հասցնում»,- ցավով պատմում է 27ամյա Նոնան ու վստահեցնում, որ չնայած թեկնածուներ կան, բայց նա չի պատրաստվում կրկին ամուսնանալ. պատճառը հիասթափությունն է: Հոգեբան Աննա Վարդանյանը սրա վերաբերյալ ասում է. «Մարդիկ վախենում են կրկին գժտվելուց, հիասթափվելուց, երբեմն նրանք թերահավատորեն են նայում նոր ծանոթություններին, իսկ հատկապես հայ կանայք վախենում են հասարակական կարծիքից: Եթե մեզ մոտ ամուսնալուծությունից հետո տղամարդկանց մեծ մասն է երկրորդ անգամ ամուսնանում, ապա արտասահմանում ասես գործում է հավասարության սկզբունքը»:
Ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ.-ի հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծությունների թիվը կազմել է 4604` 2010-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 3,9 տոկոս: Պատահում է , որ զույգերը երկար տարիներ ընկերություն անելուց հետո բաժանվում են, կամ որ ավելի վատ է` ամուսնանում և կարճ ժամանակ անց ամուսնալուծվում, ու նույնիսկ երեխայի ծնունդը չի փրկում նրանց հարաբերությունները: Այս դեպքում, ինչպես նշում է հոգեբանը, պատճառներից մեկը կարող է լինել խանդը կամ էլ դավաճանությունը. «Մեզ մոտ ընդունված չեն մինչ ամուսնական սեռական հարաբերությունները, կա նաև սեռական դաստիարակության պակաս, մարդիկ առանց ճանաչելու և փորձ ունենալու ամուսնանում են, դա էլ հանգեցնում է ամուսնական դավաճանություններին»,- ասում է հոգեբանը: 25 ամյա Աննան էլ պատմում է. «Ամուսինս մինչ ուշ գիշեր աշխատում էր, ես չէի բողոքում, հասկանում էի, որ նա դա անում է մեր ընտանիքի բարեկեցության համար: Բայց հետո նա սկսեց օրերով տուն չգալ, նրա վրայից կանացի օծանելիքի հոտ էի առնում, իսկ նա միշտ արդարանում էր: Այդպես էլ չիմացա `սիրուհի ուներ թե ոչ, բայց ես վերջ դրեցի մեր ամուսնությանը, քանի որ ես նրա հետ էի ամուսնացել, ոչ թե տան պատերի», ասում է նա ` առանց ափսոսալու:
Ամուսնալուծության պատճառնեից են նաև կենցաղային վեճերը, սկեսրոջ հետ վատ հարաբերությունները, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը, ամուսնու անուշադրությունն ու անտարբերությունը, երեխաների բացակայությունը (երբ ծնողներից մեկը անպտուղ է) և այլն: Իսկ համաձայն Չիկագոյի համալսարանի մասնագետների անցկացրած հարցման` ամուսնալուծված մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդությամբ, քան մյուսները:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/746--.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել